Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակառուն ձգտում է լինել օրինակ, որին ապագա բժիշկները ոչ միայն կհետևեն, այլև կգերազանցեն

«Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակառուն ձգտում է լինել օրինակ, որին ապագա բժիշկները ոչ միայն կհետևեն, այլև կգերազանցեն

Բժշկական համալսարանում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողը խոստումնալից մասնագետ դառնալու և ապագայում առողջապահության զարգացմանը նպաստելու մեծ հնարավորություններ ունի։

Մեկ դարից ավելի բժշկական կադրեր պատրաստող կրթօջախը պահպանում իր դիրքն ու ընդլայնում համագործակցությունը նաև հենց այսպիսի ուսանողների շնորհիվ, որոնք հետագայում ձևավորում են առողջապահական համակարգը՝ օրինակ ծառայելով հաջորդ սերունդներին։

«Մխիթար Հերացու» անվան կրթաթոշակառու լինելը բարդ և միևնույն ժամանակ պարտավորեցնող կոչում է, որը տրվում է միայն գերազանց առաջադիմությամբ ուսանողներին։ Բժշկի մասնագիտություն ընտրելու որոշումը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, «Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակառու Արաքսի Գասպարյանի համար էլ մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր են ունեցել նյարդաբան հայրը և մանկաբույժ պապը։

«Բժշկական համալսարան ընդունվելուց հետո, երբ արդեն հարմարվեցի ուսումնական միջավայրին, կարծում եմ՝ հիմնական շարժիչ ուժը դարձավ մարդու օրգանիզմն ուսումնասիրելու, առաջին հայացքից պարզ ու ոչ նշանակալի, բայց բժշկական և առողջության տեսանկյունից կարևոր գործընթացների ուսումնասիրությունը, ինչպես նաև բժշկության ներկայացումը ոչ միայն որպես հումանիստական, այլև գիտական, անընդհատ զարգացող ոլորտ»,-նշում է ապագա բժիշկը։

Ներկայացնելով բուհում անցած ճանապարհը՝ ասում է, որ ուսանողական տարիները եղել են սեփական ես-ի ճանաչման, կատարելագործման և աշխարհում իր ուրույն տեղը փնտրելու ժամանակահատված։

«Իհարկե, որոնումները դեռ շարունակվում են, հիմա՝ վեցերորդ կուրսն ավարտելուց առաջ, որոշ չափով նմանատիպ զգացողություններ եմ ունենում, ինչ մինչ բժշկական համալսարան ընդունվելը։ Տարբերությունն այն է, որ այժմ ավելի հստակ եմ պատկերացնում անելիքս, եթե այն ժամանակ բժշկության հետ կապված պլաններս երազանքների մակարդակի վրա էին, ապա այսօր դրանք ավելի իրատեսական են և արդեն ավելի նպատակային տեսք ունեն։ Չեմ կարող չնշել, որ մասնագիտական կողմնորոշումից զատ այս տարիները կարելի է կարևոր համարել նաև աշխարհայացքի ձևավորման հարցում»,-փաստում է անվանական կրթաթոշակառուն։

Բարձր առաջադիմությամբ բժշկականում սովորել ոչ բոլորին է հաջողվում։ Ամեն տարին գերազանց ավարտելը, անկասկած, բավականին ջանք է պահանջում։ «Այս ընթացքում շատ կարևոր է դիսցիպլինար մոտեցումը, հատուկ վարքագծի ձևավորումը, որն առհասարակ մարդուն անհրաժեշտ է։ Այն նաև հետագայում աշխատանքն անձնականից առանձնացնելու և բալանսավորված, հագեցած օր ունենալու համար։ Յուրաքանչյուր առարկայի հետ հնարավոր է գտնել դրական կողմեր, որոնք կարող են նպաստել մասնագիտական, անձնային կամ ընդհանուր զարգացվածությանը»,-նշում է նա՝ ավելացնելով, որ փորձել է նման կերպ մոտենալ յուրաքանչյուր առարկայի։
Անվանական կրթաթոշակառու լինելը պարտավորեցնող է։

«Անշուշտ, ավելի ես զգաստանում։ Իսկ պահանջները միանշանակ ավելի բարձր են, քանզի օրինակ եմ ծառայում նաև իմ համակուրսեցիներին և ցածր կուրսեցիներին։ Ակամայից ցանկանում ես լինել այնպիսինը, որ մարդիկ ձգտեն նմանվել և գերազանցել քեզ»,-կարծիք է հայտնում Արաքսի Գասպարյանը, ում հետաքրքրությունն այս պահին մեծ է ուռուցքաբանության նկատմամբ։

«Այս ուղղությունը տարիների հետ մեծ թափով զարգանում է, նոր կադրերի և մտքերի տեղն անսպառ է, կլինիցիստի աշխատանքին զուգահեռ գիտական աշխատանքի հնարավորությունները՝ նույնպես»,-շարունակում է նա՝ նշելով, որ այս հարցում պետք է դրսևորել համբերություն։

Ապագա բժիշկը հստակ գիտի, որ ուժերի ներածին չափով կանի ամեն բան, որ ընտրած ոլորտում լինի լավագույններից մեկը։ «Ինչ ոլորտ էլ ընտրես, անդադար կատարելագործում է պահանջելու, ուստի կարևորը նոր գիտելիքին, նոր գաղափարներին, ժամանակի նոր պահանջներին պատրաստ լինելն է և հետ չընկնելը», -ասում է Աշխենը՝ ընդգծելով, որ այս հարցին ավելի հստակ կարող է պատասխանել կլինիկական օրդինատուրայի ընթացքում, երբ ավելի խորությամբ կծանոթանա ընտրած ոլորտի մարտահրավերներին՝ համատեղելով կլինիկական աշխատանքը գիտահետազոտականի հետ։

Խոսելով բժշկի մասնագիտությունն ընտրած մարդկանց հատկանիշների մասին՝ «Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակառուն առանձնացնում է ապրումակցման զգացումը, բարձր էմոցիոնալ ինտելեկտը։

«Միայն այն, որ բժիշկը հասկանում և պատկերացնում է մարդու օրգանիզմում տեղի ունեցող ամեն գործընթաց, մեծ առավելություն է։ Այն եզակի մասնագետներից է, որն իր աշխատանքի ընթացքում առերեսվում է տարբեր մասնագիտության, տարբեր կյանքեր ու հոգսեր ունեցող մարդկանց հետ, «հագնում նրանց կոշիկները» ու վերապրում նրանց խնդիրները։ Հաջորդ կարևոր գիծը նախորդի հետ բավականին կապված է, բժիշկների խոսքը շատ հաճախ նույնպես բժշկող է։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր լավ բժիշկ բավականին ուշադիր է իր խոսքին ու դրանով նույնպես առանձնանում է», – մանրամասնում է ապագա բժիշկը, որը բժշկագիտության մեջ վստահաբար իր ներդրումը կունենա: