Երևանի պետական բժշկական համալսարանում «Մշակույթն ապագա բժիշկներին» ծրագրի անդրանիկ համերգը մեկնարկեց «Կադանս» անսամբլի ելույթով: Մշակույթի և արվեստի շնչով լցված դահլիճը բուռն ծափողջյունով գնահատեց յուրաքանչյուր կատարում. համերգին հնչեցին Ա. Պիացոլլայի, Կոմիտասի, Սայաթ Նովայի, Ա. Խաչատրյանի, Է. Բաղդասարյանի, Տ. Գրիգորյանի, Վ. Րիոսի, Մ. Հերերայի, Հ. Պասկոլայի, Հ. Ստամպոնիի, Ր. Գալյանոյի, Ռ. Անզովինոյի ստեղծագործությունները:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունու խոսքով՝ այս համերգը «Կադանս» անսամբլի նվիրաբերումն է ԵՊԲՀ-ին, ինչը հարգանքի դրսևորում է: «Բժիշկների համար կարևոր է դառնալ ինչպես լավ մասնագետ, այնպես էլ ունենալ լայն աշխարհընկալում, քանի որ նրանց շփման ասպարեզը հանրությունն է, ժողովուրդը, որը բազմաշերտ է ինչպես սոցիալապես, այնպես էլ նախասիրությունների տեսանկյունից»,-ասաց Վահան Արծրունին՝ ավելացնելով, որ ուրախ է, քանի որ այսօրվա համերգը ներկայացրեցին այս բնագավառի լավագույն երաժիշտները, և կարելի է հպարտորեն խոսել այն մասին, որ Բժշկական համալսարանը հյուրընկալել է յուրօրինակ ու բարձր կատարողական մակարդակ ունեցող «Կադանս» անսամբլին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կարծիքով՝ այսօր կարելի է ամեն ինչ ստանալ լրահոսի միջոցով, սակայն հնարավոր չէ բժիշկ դառնալ, եթե չեն կարող տարբերակել բարին ու գեղեցիկը: «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ այս բեմում, դրա վառ ապացույցն է՝ տարիների քրտնաջան աշխատանք, բարձր ճաշակ, հայրենասիրություն ու նվիրվածություն գործին»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը:
Արմեն Մուրադյանը խորհին շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցողներին, մարդկանց ովքեր իրենց արվետսով կարող էին գեղեցկացնել աշխարհի յուրաքանչյուր բեմ, բուհ, սակայն այսօր ընտրել են Երևանի պետական բժշկական համալսարանը:
Կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի խոսքով՝ այսօրվա համերգը նախաձեռնել է «Կադանս» անսամբլը, ինչը կազմակերպելու առաջարկը սիրով ընդունել են ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ԵՊԲՀ ռեկտորը:
«Կադանս»-ը ձևավորվել է 2004 թվականի փետրվարին հինգ հայ երաժիշտների կողմից՝ Հակոբ Ջաղացպանյանի (կիթառ), Վարազդատ Խաչումյանի (ջութակ), Մերուժան Եգանյանի (ակորդեոն), Սոֆի Միքայելյանի (դաշնամուր) և Գուրգեն Ամիրյանի (կոնտրաբաս) կողմից՝ նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները: Ժամանակի ընթացքում այն ընդլայնել է իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական, ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ միաժամանակ հարազատ մնալով Պյացոլլայի երաժշտական արվեստին:
«Կադանս» անսամբլի համերգն ավարտվեց ջերմ մթնոլորտում՝ բարձր ծափահարությունների ներքո: Անսամբլի անդամներին ԵՊԲՀ-ի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր: