Բժշկական մայր բուհում անկացվեց կոնֆերանս «Մուկովիսցիդոզ: Հետազոտությունից մինչև բուժում» թեմայով, որը նույն հարկի ներքո էր համախմբել առաջատար հետազոտողներին և բժիշկներին՝ քննարկելու մուկովիսցիդոզի հետազոտությունների նորագույն ձեռքբերումները, նորարարական բուժման մոտեցումները և այն մարտահրավերները, որոնց բախվում են հիվանդներն ու առողջապահության մասնագետները:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին հիվանդության կենսաքիմիական, կլինիկական և գենետիկական ասպեկտները։
Միջոցառման մեկնարկն ազդարարեց մանկաբույժ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մուկովիսցիդոզի կենտրոնի բժիշկ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Սաթենիկ Հարությունյանը ՝ ներկայացնելով «Մուկովիսցիդոզ` հաղորդագրություն ուղղված ոչ միայն մանկաբույժներին» խորագրով զեկույցը:
Ինչ է մուկովիսցիդոզը. քաշի անբավարարություն, քաշի վատ ավելացում, կրկնվող ծանր շնչառական հիվանդություններ՝ կրկնվող թոքաբորբ, կպչուն, թաց հազով ուղեկցվող աղմկոտ շնչառություն երկարատև թաց հազով, բուժմանը վատ ենթարկվող ասթմա, կրծքավանդակի կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությունով հայտնաբերված բրոնխաէկտազներ, հիպոնատրիեմիա, հիպոկալիեմիա, բուժմանը չենթարկվող քրոնիկ սինուսիտներ և այլն:
Մասնագետը շեշտելով մուկովիսցիդոզի հիմնական ախտանշանները՝ կարևորեց մյուս ոլորտների կապը այս հիվանդության բացահայտման և բուժման հետ:
Նրա խոսքով՝ վերջին տվյալներով մուկովիսցիդոզը մոտավորապես 1085 հիվանդություն առաջացնող մուտացիա ունի:
«Աղի մարդիկ. հետադարձ կենսաքիմիական հայացք» թեմայով հանդես եկավ Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս Հասմիկ Հարությունյանը:
«Հիվանդությունն այսքան էլ արդյունավետ չի բուժվում այս պահի դրությամբ, բայց սիպտոմների կառավարման միջոցով հնարավոր է պացիենտների կյանքի որակը և տևողությունը երկարացնել: Եթե երկու կրողներ սերունդ ունենան ամենայն հավանականությամբ 25 տոկոս դեպքերում երեխաները կլինեն առողջ, 25 տոկոս դեպքերում հիվանդ, 50 տոկոս դեպքերում նորից կլինիեն կրող»,-նշեց դասախոսը՝ որպես գիտաշխատող կենտրոնանալով հիվանդության կենսաքիմիական և պաթոֆիզիոլոգիական ասպեկտների վրա:
Մասնագիտական հետաքրքիր թեմաների անդրադարձան նաև մանկական ինֆեկցիոն հիվանդությունների գծով կլինիկական օրդինատոր Հասմիկ Եղիազարյանը՝ խոսելով «Մուկովիսցիդոզ և թոքային ինֆեկցիաներ» թեմայով, ինչպես նաև Բուլղարիայի Ալեքսանդրովսկա համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար, Մուկովիսցիդոզի եվրոպական միության պացիենտների ռեֆիստրի բուլղարացի համակարգող Գուրգենա Պետրովան առցանց ներկայացրեց “Cystic Fibrosis Lung Disease and Gene Modulators” թեման: