ԵՊԲՀ ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Էրիկ Գրիգորյանը, որպես ներհամալսարանական մրցույթի հաղթող, աշնան սկզբին մեկնել է Իտալիա, Չիետիի համալսարան, որտեղ Եվրոպական շուրջ 20 համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների հետ մասնակցել է JAT կազմակերպության հովանավորությամբ անցկացվող էսթետիկ ռեստավրացիային նվիրված մրցույթին: «Ցանկացած մրցույթ, անկախ արդյունքից, մեզ շատ բան է սովորեցնում: Առաջին հերթին փորձեցի ուժերս և ձեռք բերեցի նոր գիտելիքներ։ Մենք քննարկեցինք մասնագիտական բազում և հետաքրքիր հարցեր»,-ասաց այս մրցույթի հաղթողը՝ հավելելով, որ բարձր է գնահատում փորձի փոխանակման դերը մասնագիտական աճի մեջ:
Սովորողը ստոմատոլոգի մասնագիտության հետ առնչվել է դեռ փոքր հասակից, մասնագիտության ընտրության հարցում նպաստել են ծնողները, որոնք նույնպես ստոմատոլոգներ են: «Մշտապես ցանկություն եմ ունեցել մարդկանց առողջություն և ժպիտ պարգևել»,- ընդգծում է Էրիկ Գրիգորյանը:
Խոսելով բուհում անցկացվող մրցույթի մասին՝ կլինիկական օրդինատորը շեշտում է, որ մասնակցելիս ակնկալիքները բարձր էին, քանի որ բավականին հաճախ է կատարել ֆրոնտալ ատամի էսթետիկ ռեստավրացիա: «Իտալիայում ես ներկա գտնվեցի նաև պրոֆեսոր Լորենզո Վանինիի դասընթացին՝ կապված էսթետիկ ռեստավրացիային: Այնտեղ ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ և ծանոթացա օտարերկրյա ուսումնական ծրագրերին»,-նշեց նա:
Էրիկ Գրիգորյանի նպատակն է՝ լինել առողջապահության ոլորտում բանիմաց և լավագույն մասնագետներից մեկը: «Ցանկություն ունեմ նպաստել այդպիսի միջոցառումների ավելի հաճախակի կազմակերպմանը, որպեսզի բոլոր ուսանողները հնարավորություն ունենան փորձել իրենց ուժերը և ավելի հմտանան իրենց բնագավառում»,- եզրափակեց ԵՊԲՀ ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ 1-ին կուրսի կլինիկական օրդինատորը:
Հիշեցնենք, որ ապրիլին ԵՊԲՀ-ում Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանատի և ամբիոնի վարիչ Աննա Վարդանյանի ջանքերով կազմակերպվել էր ներհամալսարանական մրցույթ, որի երկրորդ փուլում հաղթող է ճանաչվել Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Էրիկ Գրիգորյանը: