Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց 14-ամյա Լիլիանա Տոնոյանի նկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Օրը սպասված էր պատանի նկարչուհու համար, քանի որ որպես անհատական ցուցահանդես այսօր կազմակերպված միջոցառումն առաջինն էր:
«Նկարել սկսել եմ ութ տարեկանից: Նկարում եմ գուաշով, ջրաներկով և ակրիլով»,- նշեց Լիլիանան:
Մայրիկը` Հասմիկ Կարապետյանը պատմեց, որ աղջիկը հուզմունքով է պատրաստվել և շատ ոգևորված է, քանի որ տարբեր թեմատիկայի իր շուրջ 20 աշխատանքները մեկ վայրում հանրության դատին հանձնելու հնարավորություն ունի:
Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի աշակերտը Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն է հաճախում: Նկարելիս նա դեղին գույնն ամենից շատն է նախընտրում: Կտավի վրա ստեղծագործական թեմաներն ընտրում է ըստ ոգեշնչման: Նրա վրձնահարվածներում տեղ են գտնում դիմակները, միջնադարյան կերպարները, բնությունը: Այսօր ներկայացված աշխատանքներում գերիշխում էին մարդիկ, բնապատկերները:
Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նկարչության ուսուցիչ Մարիա Ամիրխանյանը նկատեց, որ իր աշակերտուհին տաղանդավոր է, հեշտ է ընկալում ուսուցողական նյութը, հաճախում է սիրով և ստեղծագործական մտքով է կյանք տալիս իր բոլոր աշխատանքներին:
Ստեղծագործող աղջնակի նկարները ջերմացնում են նաև ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պատերը: Ապագայում՝ դպրոցն ավարտելուց հետո, ծրագրում է մասնագիտություն ձեռք բերել արվեստի բնագավառում` շարունակելով զարգացնել և կատարելագործել նկարելու շնորհը:
Լիլիանան փոքրիկ անակնկալ էր պատրաստել նաև բժշկական բուհի համար: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարթա Սիմոնյանին նա փոխանցեց իր հեղինակած, խաղաղություն խորհրդանշող վիտրաժային աշխատանքը: