Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նուբար Աֆեյանն առցանց հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Նուբար Աֆեյանն առցանց հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն առցանց հանդիպում անցկացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Նուբար Աֆեյանի խոսքով՝ նախաձեռնությունը հարթակ է, որի միջոցով կարելի է քննարկել ոչ միայն ներկան, այլև ապագան: «Այս տարին շատ բարդ տարի էր մեզ՝ հայերիս համար: Մենք չէինք կարող կանխատեսել համավարակը, Արցախի պատերազմը: Մեզ համար չկա մեկ ապագա, կա ապագայի մի քանի այլընտրանքային տարբերակ, որոնցից մեկը մենք պետք է ընտրենք», – նշեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության համահիմնադիրը:

Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ սա ոչ քաղաքական և ոչ էլ անձնական, այլ հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 15 կարևոր նպատակի շուրջ:

«Մենք պետք է ընդհանուր հայտարարի գանք, թե ինչպես պետք է պաշտպանենք ինքներս մեզ», – ասաց նա:

Նուբար Աֆեյանը կարևորեց Հայաստան-սփյուռք միասնության և հայկական սփյուռքի ուժեղացման անհրաժեշտությունը:

Նուբար Աֆեյանն անդրադարձավ նաև Հայաստանում կրթության որակի բարձրացման անհրաժեշտությանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին: «Ցանկացած ժամանակաշրջանում առաջնորդները վախենում են նոր մտքերից: Կարևոր է ադապտացումը նոր մտքերին, ինչպես նաև նոր մարդկանց: Դա երկար ճանապարհ է, բայց փոփոխություններ տեղի են ունենում: Սա լավատեսության աղբյուր է ինձ համար», – ավելացրեց Նուբար Աֆեյանը:

Խոսելով բժշկության ապագայի մասին՝ նա նշեց, որ աշխարհում համավարակի հետևանքով առավել կարևոր է դարձել հիվանդությունների բացահայտումն ու կանխումը:

Եզրափակելով հանդիպումը՝ Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ նման հանդիպումների շնորհիվ ավելի արդյունավետորեն կարելի է աշխատել ապագայի ուղղությամբ:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը մեկնարկել է հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից:

Սա հարթակ է, որը հնարավորություն կտա այդ մարդկանց փոխանակել գաղափարներ և հանդես գալ միասնական տեսլականով: Յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել նախաձեռնությանը՝ դառնալով դրա ակտիվ անդամներից մեկը:

Նշենք, որ Նուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականին Բեյրութում: 1977 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոնռեալ: 1983 թվականին քիմիական ճարտարագիտության բակալավրիատի աստիճան է ստացել Մաքգիլ համալսարանից, ասպիրանտուրան շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիական ճարտարագիտության բաժնում, որն ավարտել է 1987 թվականին:

2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնադրել է «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը: