Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-րդ հանրապետական ուսումնամարզական խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի տղաների առաջնության մրցումներին մասնակցում էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի բասկետբոլի հավաքական թիմը։
Մրցումներին մասնակցում էին ՀՀ բուհերի լավագույն հավաքական թիմերը, որոնք բաժանվել էին 2 ենթախմբերի։ Ըստ կանոնադրության՝ ենթախմբերում 1-ին, 2-րդ տեղեր գրաված թիմերը պետք է շարունակեին պայքարը մրցանակային տեղեր գրավելու համար։
Մեր տղաները նախ հաղթեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի հավաքական թիմին։ Հատկապես հիշարժան էր մեր տղաների հանդիպումը Երևանի պետական համալսարանի բասկետբոլի հավաքականի հետ։ Այդ խաղն ավարտվեց մեր տղաների փայլուն հաղթանակաով, և նրանք, գրավելով իրենց ենթախմբում առաջին տեղը, դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ։ Այդ փուլում մեր տղաները գեղեցիկ խաղով հաղթեցին նաև Հայաստանի ագրարային համալսարանի բասկետբոլի հավաքականին և զուգահեռ ենթախմբում 1-ին տեղը գրաված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմի հետ դուրս եկան եզրափակիչ փուլ։
Եզրափակիչ հանդիպման ընթացքում մեր տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար, բայց, ի վերջո, հաղթանակը զիջեցին հակառակորդին, ով գրավեց 1-ին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալներ և գավաթ։ Մեր տղաները գրավեցին 2-րդ տեղը և նվաճեցին արծաթե մեդալներ և պատվոգրեր։ 3-րդ տեղը գրավեց Երևանի պետական համալսարանի թիմը։
Մեր թիմից գովեստի խոսքեր պետք է ասել հատկապես վետերաններ Սիրադարյան Հրանտի, Աղնանեան-Ասլանյան Սերոյի, Առուշանյան Դավիթի, Հեքիմյան Արամի, Վարդանյան Կորյունի, Համբարձումյան Դավիթի, Շխրդմյան Ալենի հասցեին, որոնց մրցակցական փորձն ու սպորտային բարձր վարպետությունը նպաստեցին երիտասարդների հետ մարտական ամուր կոլեկտիվի ստեղծմանը։ Հաջող հանդես եկան նաև ուսանող մարզիկներ Սարգսյան Աշոտը, Բաբողլյան Նազարեթը, Օհանյան Մկրտիչը։
Շնորհավորում ենք մեր տղաներին և ցանկանում, որ նրանք հետագայում էլ ավելի բարձր պահեն մեր բուհի սպորտային պատիվը։