Նյարդաբանության ամբիոնի 20 կլինիկական օրդինատոր տարբեր ուսումնական բազաներից, ավարտական դիպլոմներ ստացան:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ միջոցառումն անցկացվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:
Նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը շնորհավորելով շրջանավարտներին նշեց.
«Մեր կլինիկական օրդինատորները ուսանել են COVID-19-ի, պատերազմի տարիներին, ոչ մի հանդիսավոր արարողություն ունենալու հնարավորություն չեն ունեցել: Երբ հարց դրվեց՝ ինչպես անցկացնել ձեր ավարտականը, բոլորի մոտ ցանկություն առաջացավ ոչ թե գնալ նշելու, այլ լինել պատմություն ունեցող Երևանի կարևորագույն բժշկական հաստատության պատերի ներքո: Ձեզ դիպլոմներ հանձնելով մենք վստահ ենք ձեր մասնագիտական, մարդկային հատկանիշներում»:
Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանի հավելմամբ՝ բժիշկ-նյարդաբանները գերազանց սովորեցին երեք տարին և մասնագիտական գործունեության մեջ նրանց մեծ հաջողություններ են սպասվում:
«Բարի ճանապարհ ենք մաղթում ավարտողներին: Մենք միշտ բոլոր հարցերով պատրաստ ենք ձեր կողքին լինել: Հուսով եմ, որ այսպիսի հանդիպումները կդառնան ավանդույթ»,-հավելեց նա:
«Մենք ձեզ հետ գտնվում ենք Զինվորի տանը: Այս կառույցը դուք պետք է լավ ճանաչեք, դեռևս ուսանողական տարիներից: Արդեն 8 տարի է՝ այս կառույցը ազգային արժանապատվության կոթող է, որտեղ մեր տղաները, զինվորները վերականգնողական, կրթական օգնություն են ստանում՝ ընդգծելով մեր բոլորի պատվի խորը զգացողությունն իրենց առջև: Մենք կարող էինք համալսարանում հանդիպել, բայց երբ պրոֆեսեր Մանվելյանն ասաց՝ այնպիսի տեղ եմ ուզում, որպեսզի չլինի ավելորդ գեղարվեստական ձևավորում, բայց լինի խորը տպավորություն, դա հենց այստեղ էր: Երբ շատ ծանրաբեռնված ես լինում, գալիս ես այստեղ և աայստեղից դուրս գալիս թարմ ուժերով: Սա յուրատեսակ եկեղեցի և մատենադարան է մեզ համար»,-շնորհավորելով օրդինատորներին ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ բուհի տված կրթությունը հետագա գործունեության մեջ ազատ ընտրության հնարավորություն է տալիս և հույս հայտնելով, որ երբեք չի կորի կապը հարազատ համալսարանի, հայրենիքի հետ:
Շրջանավարտներից Անի Ղազարյանը, ով աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, կիսվեց մեզ հետ դասընթացի մասին իր տպավորություններով՝ ընդգծելով մասնագիտության կարևորությունը:
«Դեռ ուսանողական տարիներից մեծ սեր ունեի նյարդաբանության հանդեպ, երբ ուսումնասիրում էինք, անսահման էին նրա եզրերը. այստեղ միշտ կարելի էր խորանալ տարբեր ուղղություններով և բազմաթիվ չբացահայտված հարցեր գտնել: Ըստ իս՝ դասընթացի արդյունավետությունը կախված է անձից: Դու հասնում ես այն մակարդակին, որին ձգտում ես և արդյունավետությունը կախված է քո աշխատասիրությունից, քո սահմաններից, որից ձգտում ես հասնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտ հանդիսանա, եթե լավ մասնագետ դառնալու նպատակադրում ունես:
Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած միջոցառումն ամփոփվեց կարևոր նշանակության այս կառույցի դիմաց խմբային լուսանկարով և վստահությամբ, որ նյարդաբանների նոր սերունդը վստահ քայլերով է առաջընթացներ գրանցելու` զարգացնելով բժշկագիտության այս պահանջված ուղղությունը մեր երկրում: