Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Նյարդահամաճարակաբանության առաջին տարածաշրջանային կովկասյան դասընթաց»-ի մեկնարկը

«Նյարդահամաճարակաբանության առաջին տարածաշրջանային կովկասյան դասընթաց»-ի մեկնարկը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Նյարդահամաճարակաբանության առաջին տարածաշրջանային կովկասյան դասընթաց»-ը։

Դեկտեմբերի 8-14-ը նախատեսված միջոցառումն անցկացվում է Նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of Neurology) հովանու ներքո և համաֆինանսավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

 Բժշկական համալսարանի հյուրընկալ հարկի ներքո են հավաքվել ոլորտի առաջատար մասնագետները՝ Հյուսիսային (ԱՄՆ) և Լատինական Ամերիկայից (Ուրուգվայ) մինչև Եվրոպա (Ֆրանսիա, Իտալիա) և Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա ու Վրաստան։

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ողջունեց այս փաստը՝ շեշտելով․ «Միջոցառումը կնպաստի հիմնարար գիտության և կլինիկական հետազոտությունների միջև բացը լրացնելուն։ Դասընթացը կարևոր է նաև նրանով, որ կբացահայտի հետազոտություններ անելու մեթոդաբանական նրբությունները»։

Մասնակիցները, պրոռեկտորի խոսքով, կփոխանակվեն հիմնարար գիտելիքով, կկիսվեն իրենց փորձով։

Նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of Neurology) նյարդահամաճարակաբանության խմբի ղեկավար, նյարդահամաճարակաբանության ուրուգվայահայ պրոֆեսոր Կառլոս Կեցոյանը հիշեցրեց, որ առաջին դասընթացը տեղի ունեցավ Իտալիայում։

 «2021 թվականին դասընթացն անցկացվեց Պանամայում, 2023 թվականին՝ Ուրուգվայում։ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը նույնպես մասնակցում էր․ նա ցանկություն հայտնեց, որպեսզի 2024 թվականին Հայաստանում ևս տեղի ունենա այս միջազգային դասընթացը։ Արդյունքում ամբիոնի ջանքերով նախաձեռնվեց և կազմակերպվեց Նյարդահամաճարակաբանության առաջին տարածաշրջանային կովկասյան դասընթացը։ Այսպիսի դասընթացներն անհրաժեշտ են, որպեսզի երիտասարդ բժիշկները հնարավորություն ունենան շփվելու առաջատար համալսարանների պրոֆեսորների հետ և սովորելու նրանցից», – նշեց Կառլոս Կեցոյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի դասընթացը կանցկացվի Պերուում։

Միջոցառումը համախմբել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Ռոչեստերի Մայո կլինիկայի, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի, Իտալիայի Բարիի համալսարանի, Ֆրանսիայի Լիմոնժի համալսարանի պրոֆեսորներին։

Իտալիայի Բարիի համալսարանի հետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր, Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ջանկարլո Լոգրոսցինոն տեղեկացրեց «Մեր առաքելությունն է աջակցել նյարդաբանների և հանրային առողջության մասնագետների նոր սերնդին նյարդաբանական հիվանդությունների ոլորտում համաճարակաբանական մոտեցմամբ հետազոտություններ կատարելու հարցում։ Մենք ուսուցանում ենք մեթոդաբանությունը, որպեսզի մարդիկ կարողանան բարելավել իրենց հետազոտական հմտությունները։ Կարևոր է, որ այսպիսի հանդիպումներն անցկացվում են ոչ միայն բարձր, այլև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ մեծ է նյարդաբանական հիվանդությունների բեռը։ Ըստ տվյալների՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում այդ հիվանդությունները լուրջ խնդիր են»։

Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանն ընդգծեց․ «Մեզնից հետո մեր սերունդները պետք է շարունակեն համագործակցել։ Հուսով եմ, որ նմանատիպ դասընթացները կլինեն շարունակական, որովհետև այսպիսի հանդիպումների, քննարկումների արդյունքում փոխգործակցության նոր ոլորտներ են ձևավորվում»։ Հիմնարար գիտությունը, նրա խոսքով, պետք է ծառայի պրակտիկ առողջապահությանը։

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Ռոչեստերի աշխարհահռչակ Մայո կլինիկայի հետազոտական կենտրոնի նախկին ղեկավար Վալտեր Ռոկկան ներկայացրեց դասընթացի ներածությունը, հիմնական մտքերը և տերմինաբանությունը, կատարված վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքները։

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ռութ Օթմանը հինգշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, կխոսի համաճարակաբանական գենետիկայի մասին, իսկ իտալացի պրոֆեսոր Ջանկարլո Լոգրոսցինոն կներկայացնի նյարդաբանական հիվանդությունների վերաբերյալ զեկույց։

Դասընթացը կամփոփի աշխատանքները դեկտեմբերի 14-ին՝ մասնակիցներին  բժշկական համալսարանի և Նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հավաստագրերի շնորհմամբ։