Երիտասարդության միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի 12-ին, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվի երիտասարդության խնդիրների վրա և ընդգծվի երիտասարդների՝ որպես ժամանակակից գլոբալ հասարակության գործընկերների ներուժը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այդ օրը սահմանել է 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ այն բանից հետո, երբ հավանություն է տվել երիտասարդության հարցերով պատասխանատու նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկությանը՝ օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր:
Այս տարվա թեման է «Քլիքներից դեպի առաջընթաց. երիտասարդների թվային ուղիները դեպի կայուն զարգացում»: Այս թեման արտացոլում է երիտասարդության, թվային նորարարության և կայուն զարգացման փոխհարաբերությունները՝ ընդգծելով այն կարևոր դերը, որը երիտասարդները խաղում են թվային տեխնոլոգիաների օգտագործման մեջ՝ կայուն առաջընթաց ապահովելու համար:
Իսկ ովքե՞ր են երիտասարդները: Երիտասարդության տարիքային խմբի ընդհանուր ընդունված միջազգային սահմանում գոյություն չունի։ Այնուամենայնիվ, վիճակագրական նպատակներով, Միավորված ազգերի կազմակերպությունը սահմանում է «երիտասարդությունը»՝ որպես 15-ից 24 տարեկան միջակայքում գտնվող անձանց:
Այսօր աշխարհում կա 1.2 միլիարդ 15-24 տարեկան երիտասարդ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 16%-ը: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման ժամկետը, որոնք կազմում են 2030 թվականի օրակարգը, երիտասարդների թիվը կաճի 7%-ով՝ հասնելով գրեթե 1.3 միլիարդի:
Երիտասարդության միջազգային օրը նշվում է նաև՝ ուշադրություն հրավիրելու երիտասարդության խնդիրների վրա և նշելու երիտասարդների ներդրումը հասարակության զարգացման գործում:
Երիտասարդության այս միջազգային օրը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ողջունում է Youth4Health ցանցի երիտասարդ անդամներին, ովքեր փոխում են հանրային առողջությունը՝ ի շահ իրենց սերնդի, նրանք բարձրաձայնում են իրենց համար առավել կարևոր հարցերը, ինչպիսիք են հոգեկան առողջությունը, սեռական և վերարտադրողական առողջությունը և մարդու իրավունքները, կլիմայի փոփոխության հետևանքները և դրա սպառնալիքը մարդու` հատկապես երիտասարդների առողջության համար և այլն:
Վերջերս շատ է խոսվում «Զեթ» սերնդի կամ այսպես կոչված «Ալֆա/թվային» սերնդի մասին, որոնք մեր օրերի երիտասարդներն են: Առաջին խմբի ներկայացուցիչները համարվում են 1997թ-ից մինչև 2012թ-ը ծնվածները, իսկ 2-րդ խմբում են 2013թ.-ից ծնված և մինչ օրս ծնվող երեխաները:
Հետաքրքիր է իմանալ նաև նախորդ սերունդների տարիքային միջակայքերը և նրանց անվանումները.
Երիտասարդները՝ որպես թվային սերունդ և ապագայի տեսլականների կրողներ, գտնվում են նոր տեխնոլոգիաների ներդրման առաջնագծում և ձևավորում են սպառողների և մշակողների ամենամեծ խումբը, որոնք թելադրում են թվային միտումներն ամբողջ աշխարհում՝ դրանք դարձնելով թվայնացման և նորարարության շարժիչ ուժը, ինչպես նաև կարևոր ժողովրդագրական խումբ են համարվում, որն օգտագործում է տեխնոլոգիայի փոխակերպող ուժը՝ լուծելու գլոբալ մարտահրավերները:
Շնորհավորում ենք մեր երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր ցանկացած տարիքում իրենց երտասարդ են զգում: