«Հերացի» համալսարանական հիվանդանոցի ամբողջ անձնակազմը՝ ԵՊԲՀ ռեկտորի գլխավորությամբ, գտնվում է Covid-19 համավարակի դեմ պայքարի առաջնագծում՝ միասին հաղթահարելով վտանգավոր հիվանդության արդեն չորս ալիք։
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ԵՊԲՀ պրոֆեսորԱրեն Բաբլումյանը ցավով արձանագրում է, որ ոչ բոլորին է հաջողվել փրկել։ Հատկապես ծանր է այն միտքը, որ անդառնալի կորուստների կեսից ավելին եղել են ապրիլից հետո, երբ մեկնարկեց զանգվածային պատվաստումների գործընթացը։
«Այսօր մենք կանգնած ենք հերթական՝ թվով 5-րդ ալիքի դարպասների առաջ։ Դրա մասին է վկայում 11 օր շարունակ ակտիվ բուժման մեջ գտնվող պացիենտների թվի ավելացումը, որն այս ժամանակահատվածում կազմել է 57 %, ինչպես նաև նոր հայտնաբերված դեպքերի թվի տեսանելի աճը, որը 2021 թվականի նոյեմբերի 8-ից հետո գրեթե հնգապատկվել է»,-նշում է գլխավոր բժիշկը՝ ավելացնելով, որ Օմիկրոն տեսակով հարուցված նոր ալիքի հետ բախվելու ռիսկը մեծ է, որը թեև առաջացնում է հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, բայց վտանգավոր է տարածման պայթյունային արագությամբ և կրկնավարակ առաջացնելու տասնապատիկ ավելի մեծ հավանականությամբ։
Ինչպես արձանագրում է Արեն Բաբլումյանը, նման իրավիճակում մեծ է հիվանդանոցային համակարգի ռեսուրսների արագ սպառման վտանգն իր բոլոր ծանր հետևանքներով։ «Յուրաքանչյուր «ծանր հետևանք» ձևակերպման հետևում մարդու կյանք է, չիրականացված նպատակներ, կիսատ մնացած գործեր։ Ինչու՞ ենթարկել մեզ և մեր հարազատներին նման անկանխատեսելի փորձության, եթե կարելի է կառավարել հիվանդության հետևանքով առաջացող ռիսկերը՝ պարզ, հասանելի և անվտանգ գործողությունների, մասնավորապես` հակահամաճարակային վարքագիծ դրսևորելու և պատվաստվելու միջոցով»,-կոչ է անում գլխավոր բժիշկը։
Ըստ նրա՝ արդեն կան գիտական ապացույցներ, որ անգամ Օմիկրոնի պարագայում պատվաստված մարդիկ առնվազն՝ 65%-ով, իսկ խթանիչ դեղաչափ ստացածները՝ 81%-ով ավելի պաշտպանված են հիվանդության ծանր և անդառնալի ընթացքից։
Արմեն Բաբլումյանի կարծիքով՝ սա է Արևմտյան Եվրոպայի հասարակությունների կողմից ընտրված ճանապարհը, որը պետք է լինի նաև մերը։
Հ.Գ. Ստորև նկարում պատկերված է Եվրամիության 5 առավել շատ պատվաստված և 5 առավել քիչ պատվաստված երկրների և Հայաստանի կորոնավիրուսից մահացության ցուցանիշները 1 մլն բնակչի հաշվով։