Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օրենբուրգում անցկացված ամառային դպրոցի մասնակիցները վերադարձել են մրցանակներով ու շնորհակալագրերով

Օրենբուրգի պետական բժշկական համալսարանն օգոստոսի 20-ից 24-ը կազմակերպել էր Երիտասարդական միջազգային գիտապրակտիկ ամառային դպրոց՝ «Պերսոնաֆիկացված և կանխարգելիչ բժշկություն» թեմայով: Ամառային դպրոցին  ԵՊԲՀ-ի աջակցությամբ մասնակցել են ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոն դասախոս, ընտանեկան բժշկության ամբիոնի երկրորդ կուրսի օրդինատոր Քրիստինա Մնացականյանը և նույն կուրսի օրդինատոր Հասմիկ Գևորգյանը:

Քրիստինա Մնացականյանի խոսքով՝ սա հիանալի հնարավորություն է փորձի փոխանակման ու գիտելիքներ ձեռք բերելու համար: «Տարբեր միջոցառումների շրջանակում ցույց էինք տալիս, զարգացնում մասնագիտական հմտությունները, այդ թվում, թե տարբեր իրավիճակներում ինչպես պետք է կողմնորոշվի ապագա բժիշկը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստան են վերադարձել մրցանակներով՝ որպես ակտիվ մասնակիցներ:

Քանի որ ամառային դպրոցն իր շուրջը համախմբել էր տարբեր երկրների սովորողներին, մշակութային երկխոսության նպատակով, մասնակիցներն ամառային դպրոցի եզրափակիչ երեկոյին պատրաստել են իրենց երկրի մշակույթը ներկայացնող համարներ:

Հասմիկ Գևորգյանը պատմեց, որ ամառային դպրոցի կազմակերպիչներին խնդրել է հայկական տարազ գտնել, և ԵՊԲՀ օրդինատորը ներկայացրել է հայկական ավանդական պարերից Ուզունդարան կամ հարսի պարը, վերջում՝ ներկաներին Հայաստանից բերված չիր հյուրասիրել:

Օրդինատորները Հայաստան են վերադարձել մրցանակներով, այդ թվում ռեկտորի անունով շնորհակալագրերով, ինչը նաև առաջարկ է հետագա համագործակցության համար:

Ամառային դպրոցի մասնակիցները նշեցին նաև, որ այցելել են Օրենբուրգի թանգարաններ ու պոլիկլինիկա: Նրանց համար, հատկապես, հաճելի է եղել հատուկ մոտեցումն ու վերաբերմունքը: