ԵՊԲՀ պաթոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական հիվանդանոցների կլինիկական ախտաբանության ծառայության ղեկավար Փառանձեմ Խաչատրյանը Նիդերլանդների Ռադբաուդի բժշկական համալսարանի Պաթոլոգիայի բաժանմունքում այս տարվա սկզբին վերապատրաստում է անցել «Թվային և համակարգչային պաթոլոգիա» մասնագիտացմամբ։
Վեցշաբաթյա վերապատրաստման ընթացքում համալսարանականը մասնակցել է արհեստական բանականության կիրառման CHIMERA challenge (Combining HIstology, Medical Imaging (Radiology), and molEcular Data for Medical pRognosis and diAgnosis) նախագծի կազմակերպմանը (https://chimera.grand-challenge.org/)։
CHIMERA-ն հավակնոտ ծրագիր է` արհեստական բանականությունը պաթոլոգիայի, ռադիոլոգիայի բնագավառներում, այն մուլտիմոդալ մոտեցում է, որի նպատակն է նպաստել ճշգրիտ բժշկության առաջընթացին քաղցկեղի բուժման մեջ՝ վերհանելով բազմամոդալ տվյալների ինտեգրման կարևորագույն անհրաժեշտությունը։
«Իմ կողմից արված ծրագիրը միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղին է վերաբերում: Այս նախագիծը լինելու է իմ պրակտիկայի հաշվետու զեկույցը, այլ կերպ ասած՝ մինի աշխատանքը մագիստրոսական ծրագիրն ավարտելիս», – մանրամասնում է բժիշկ-գիտնականը, որի անունն ախտաբանության բնագավառում արհեստական բանականության գործիքակազմի կիրառմանն ուղղված այս ծրագրի համանախաձեռնողների ցանկում է:
Փառանձեմ Խաչատրյանը մասնակցել է պրոյեկտին` շագանակագեղձի 700-ից ավելի դեպքերի մորֆոլոգիան թվայնացնելով։ Մասնագետի փոխանցմամբ՝ թվային տեխնոլոգիաների զարգացումը և արհեստական բանականության ինտեգրացիան առօրյայում, այդ թվում՝ առողջապահության բնագավառում, արդեն իսկ փաստ է, ուստի օր առաջ այդ գործիքակազմին տիրապետելը և հնարավորինս ներդնելը համալսարանական միջավայրում խիստ կարևոր է։
«Համալսարանական կլինիկաներն ունեն բավականաչափ ներուժ ինտեգրվելու առողջապահության բնագավառում արհեստական բանականության զարգացումներին, պարզապես պետք է գիտելիք և ցանկություն՝ նորարարական մոտեցումներ որդեգրելու և դրանք կյանքի կոչելու համար», – վստահեցնում է Փառանձեմ Խաչատրյանը: