Գրադարանային նոր նախագծի վերջնական ինժեներական, դիզայներական տեսքն այսօր ներկայացվեց համալսարանականներին «Կերոն» հիմնադրամի ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ։
Նախագծային փուլն ավարտված է և համալիր փորձաքննության եզրակացությունից, համապատասխան շինթույլտվություն ստանալուց հետո կմեկնարկեն վերակառուցման, կառուցման, վերահատակագծման ծավալուն աշխատանքները, որոնց շնորհիվ ԵՊԲՀ-ն կունենա գերժամանակակից գրադարան:
Ըստ նախագծի` կիրականացվի լաբորատոր մասնաշենքի և հարակից տանիքի վերակազմակերպում, կմաշկվի գործողությունների հստակ ժամանակացույց։
Defesche van den Putte (DVDP) ընկերության համահիմնադիր և գլխավոր ճարտարապետ Յեֆ վան դեն Պուտը դիմելով քննարկման մասնակիցներին` շեշտեց, որ ուրախ է այս նախագծի վրա աշխատելու համար:
«Այն միանշանակ ստացված է լինելու։ Մենք արդեն ճանաչում ենք թե՛ շինարարական ընկերությանը, թե՛ համալսարանին, և թե՛ ռեկտորին, որպես էներգիայով լեցուն մարդ։ Վստահ եմ` արդյունքում ձեռք ենք բերելու ոչ միայն գրադարան, այլև նոր ընկերներ»,- ասաց Ռոտերդամից ժամանած մասնագետը:
Նրան հաջորդելով` ընկերության համահիմնադիր, ճարտարապետ Փիթեր Դեֆեշը նկատեց, որ նախագծում ներառված բոլոր լուծումները երկարատև ամիսների աշխատանք է։
Փիթեր Դեֆեշը խոսեց ծրագրի հավակնություններից` որակական և քանակական առումով։
«Սա զուտ գրադարանի նախագիծ չէ, այլ նոր միջավայրի ստեղծում»,- ասաց նա:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, նոր գրադարանի ստեղծման աշխատանքների ներհամալսարանական հանձնախմբի ղեկավար, Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը մի շարք տեխնիկական և բովանդակային հարցեր քննարկեցին գործընկերների հետ:
Հագեցած հանդիպումը լի էր մտքերի փոխանակմամբ ու ամենակարևորը` հստակ հաստատակամությամբ, որ շինարարության ավարտից հետո գրադարանային համալիրը դառալու է ապագա բժիշկների, դասախոսների, երիտասարդ հետազոտողների սիրելի վայրն ու ուսանողական տարածքը:
Նախքան քննարկումը «Կերոն» հիմնադրամի հիմնադիր Մարետա Գևորկյանը, գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, հիմնադրամի ներկայացուցիչները «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց ունեցան, ծանոթացան կենտրոնի ստեղծման պատմությանը, վերականգնողական բուժում ստացող տղաների համար իրականացվող բազմաթիվ ծրագրերին ու հաջողություններին: