Գիտական խորհրդի այս ուսումնական կիսամյակի առաջին նիստը մեկնարկեց Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Յուրի Պողոսյանի 80-ամյակին ուղղված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական խոսքով։
«Դուք մեծ ավանդ ունեք և շարունակեք ամուր պահել շարքերը»,- ընդգծեց ռեկտորը։
Այս պահին աշխատանքային այցով արտերկիր մեկնած Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ Թամարա Սարգսյանին ևս նա շնորհավորեց օրեր առաջ լրացած հոբելյանի առթիվ։
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի հաշվետվությունն էր հրավիրված նիստի առանցքային հարցը։
«Թույլ տվեք ներկայացնել հետբուհական և շարունակական ուղղությամբ 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները։ 2025 թվականին, որպես նորամուծություն, իրականացվեց կլինիկական օրդինատորների անցումային անհատական լիցենզավորումը»,- ասաց պրոռեկտորը՝ նշելով, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։
«Նշվածի շրջանակում կայացել են հանդիպումներ կլինիկական օրդինատորների հետ, ինչի արդյունքում այս տարվա ընդունվողների համար կազմակերպվել են դասընթացներ՝ առաջին բժշկական օգնության և էթիկայի հարցերի վերաբերյալ։ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորների 100%-ը հաջողությամբ հանձնել են իրենց քննությունները»,- տեղեկացրեց զեկուցողը։
Հետբուհական մասնագիտական կրթության ընդունելությունից մինչև ոչ պետական բուհերից ընդունելության ցուցանիշների համեմատական նկարագիր՝ այլ ցուցանիշներ ներկայացվեցին Գառնիկ Ավետիսյանի կողմից։
Բուհի կլինիկական բազան (խոսքը համալսարանական երեք հիվանդանոցների մասին է) ապահովում է 1800 կլինիկական օրդինատորի կրթության 42%-ը, իսկ 58%-ը` այլ բժշկական կազմակերպությունները, որոնք ընդգրկված այս գործընթացում պայմանագրային սկզբունքով։
Խոսելով բժշկական մասնագիտությունների ընտրության տրամաբանության մասին՝ նա շեշտեց, որ ըստ 2023-2025 թվականների տվյալների՝ օրդինատորներին հետաքրքրող մասնագիտությունների առաջին հնգյակում ճառագայթային ախտորոշմանը, մաշկաբանությանը, կլինիկական լաբորատոր ախտորոշմանը և սրտաբանությանը հաջորդում է ընտանեկան բժշկությունը, ինչը վկայում է պահանջված մասնագիտություններում փոփոխության մասին։ Նախորդ տարիներին հնգյակը եզրափակում էր մանկաբարձությունը։
Օրդինատուրայի արդյունավետությունը հետբուհական կրթության պատասխանատուների կողմից կրկին հարցման միջոցով է գնահատվել։ 3386 հարցվածներ գնահատել են տեսական և գործնական գիտելիքի մակարդակը։ Առաջին անգամ հարցման շրջանակում կատարվել է նաև կլինիկական օրդինատուրայի ղեկավարի արդյունավետության գնահատում։ Լրացուցիչ կուրսերի արդյունավետությունը և շրջանավարտների աշխատանքի անցնելու դինամիկան նույնպես ներառվել են հարցման մեջ։
Լսելով զեկույցը՝ թեմային արձագանքեց ԵՊԲՀ ռեկտորը՝ նշելով, որ կցանկանար, որպեսզի գործատուների կողմից տրված գնահատականները նույնպես ընդգրկվեին որակի բարելավմանն ուղղված այս հարցումներում՝ հատկապես մրցակցային դաշտի համատեքստում։
«Գործատուների ներգրավվածությունը կարևոր է, որովհետև սա, առևտրային լեզվով բնորոշելիս, արտադրություն է, և այդ արտադրությունն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Մի ամբողջ մեխանիզմ աշխատում է, որպեսզի այդ արտադրությունը տեղի ունենա։ Եթե այդ արտադրանքի վերաբերյալ կա հիմնավոր քննադատություն, ապա տվյալ հարցադրումները պիտանի կլինի լսել»,- հստակեցրեց բուհի ղեկավարը։
ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպված ՇՄԶ կրեդիտավորված դասընթացներին հաշվետու ժամանակահատվածում մասնակցել է ավագ և միջին 4664 բուժաշխատող:
Ընթացքի մեջ է վիրաբուժական, թերապևտիկ և մանկաբուժական կլաստերներով հավատարմագրումը՝ WFME հետբուհական կրթության միջազգային չափորոշիչներով։ Արդյունքում, զեկուցողի տեղեկացմամբ, իրականացվել են կրթական ծրագրերի կառուցվածքների փոփոխություններ, ինքնավերլուծություն։
Զեկույցի շուրջ հարցեր հղեցին նաև համալսարանականները։ Մասնավորապես, ուսանողները շնորհակալություն հայտնեցին համալսարանի ղեկավարությանը նախորդ տարվա հոկտեմբերին բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգի վերաբերյալ հանդիպումների և արդյունավետ դասընթացների անցկացման համար։
Հաջորդ հարցը, որը ներկայացրեց Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, վերաբերում էր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին և այդ շրջանակում համալսարանական երեք բուժհաստատության կատարած աշխատանքին՝ ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային օղակում։
««Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների կազմում գործում են պոլիկլինիկաներ, որոնք սպասարկում են մեծահասակ և մանկական բնակչությանը։ Պոլիկլինիկաներում ինչպես լաբորատոր, գործիքային ախտորոշումների իրականացման ողջ ծավալը, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվություններն իրականացվում են հիվանդանոցների մասնագիտական ներուժի միջոցով, ինչը նպաստում է պոլիկլինիկաների առավել պրոֆեսիոնալ աշխատանքին՝ ապահովելով հետագա փուլում բուժօգնության առավել հասանելի և մատչելի կազմակերպում»,- ասաց Արմեն Մինասյանը՝ կարևորելով նաև Ընտանեկան բժշկության ամբիոնի տեղակայումը համալսարանական պոլիկլինիկաներում։
Ակնկալվող արդյունքներին անդրադառնալով` նրա գնահատմամբ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ կարևորվում և արժևորվում է ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի ու մանկաբույժի դերը՝ պաշտոնական վիճակագրությամբ հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող քրոնիկ հիվանդությունների և վիճակների կանխարգելման գործում։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փաստեց, որ համալսարանն ակտիվ ներգրավված է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման աշխատանքներում, և այս հարցում նա կարևորեց ոչ միայն բուժաշխատողների, աշխատակիցների, այլև ապագա բժիշկների գործուն մասնակցությունը՝ հատկապես առողջ ապրելակերպի ձևավորման և տարածման շուրջ նախաձեռնությունների կյանքի կոչման տեսակետից։
Նիստի վերջին հարցը վերաբերում էր ուսումնական գրականության տպագրության երաշխավորությանը։