2024թ. սեպտեմբերից ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 3 երկրում (Գերմանիա, Լեհաստան և Իսպանիա) արտաքին միջավայրի ընթացիկ համաճարակաբանական հսկողության ընթացքում կոյուղաջրերց հայտնաբերվել են պատվաստումային ծագման պոլիովիրուսներ (VDPV2): Հետազոտությունները փաստում են, որ այն գենետիկորեն կապված է Նիգերիայում շրջանառվող շտամի հետ։ Այս շտամը շրջանառվում է տարածաշրջանից դուրս գտնվող մի քանի երկրում, առավել տարածված է Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայում: ԱՀԿ-ն ահազանգում է տարածաշրջանի բոլոր երկրներում պոլիովիրուսների համաճարակաբանական հսկողության ուժեղացման և պատվաստումների բարձր ընդգրկվածության ապահովման անհրաժեշտության մասին: Պոլիովիրուսների հայտնաբերումը նշված երկրներում զգայուն համաճարակաբանական հսկողության արդյունք է, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել հանրային առողջության այս սպառնալիքը և արագ արձագանքել դրան: Կարևոր է նշել, որ պոլիովիրուսների հայտնաբերումն ընդգծում է պատվաստումների և համաճարակաբանական հսկողութան կարևորությունն աշխարհի բոլոր երկրներում:
Հարկ է նշել, որ 2022-2024թթ. տարածաշրջանը զերծ էր պոլիովիրուսներից։ Այնուամենայնիվ, քանի դեռ պոլիովիրուսի ցանկացած ձև տարածվում է ամբողջ աշխարհում, կա վերջինիս ներմուծման վտանգ: Նման ներմուծումը կարող է հանգեցնել լուրջ բռնկումների չպատվաստված անձանց շրջանում, ինչպես դա եղավ Տաջիկստանում և Ուկրաինայում՝ 2021թ., Իսրայելում և Միացյալ Թագավորությունում՝ 2022թ.: Տարածաշրջանի շատ երկրներ իրականացնում են կոյուղու համակարգերի կանոնավոր մշտադիտարկում՝ պոլիովիրոոսների վաղ հայտնաբերման նպատակով:
Հիշեցնենք, որ պոլիոմիելիտը խիստ վարակիչ աղիքային հիվանդություն է, որը հեշտությամբ տարածվում է տարբեր աշխարհագրական տարածքներում: Այն հանգեցնում է երեխաների մոտ վերջույթների սուր թորշոմած կաթվածահարության՝ հաշմանդամության կամ մահվան ելքով, որը կարելի է կանխել պատվաստումների միջոցով:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներն իրականացվում են պլանային պատվաստումների ձևով։ Պատվաստումը կատարվում է վեցավալենտ պատվաստանյութով (ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ)՝ 1.5, 3, 4.5 ամսականում և քառավալենտ (ԱԿԴՓ/ԻՊՊ) պատվաստանյութով՝ 18 ամսականում և 6 տարեկանում:
Պոլիովիրուսների հայտնաբերումը ևս մեկ հիշեցում է պոլիովիրուսի բոլոր ձևերն արմատախիլ անելու հրատապ անհրաժեշտության մասին: