Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պրակտիկ հմտություններ, բարոյական սկզբունքներ և աշխատասիրություն. ապագա ստոմատոլոգի հաջողության ուղին

Պրակտիկ հմտություններ, բարոյական սկզբունքներ և աշխատասիրություն. ապագա ստոմատոլոգի հաջողության ուղին

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էլեն Հայրապետյանի խոսքով՝ բարձր առաջադիմությունը բժշկության մեջ կարևոր է, քանի որ այս մասնագիտությունն անմիջականորեն կապված է մարդկանց առողջության հետ, և այստեղ սխալներն ընդունելի չեն:

Մանկուց շրջապատված լինելով բժիշկներով և բժշկությամբ, ապագա ստոմատոլոգը այլ մասնագիտության մեջ իրեն երբեք չի պատկերացրել:

«Մեր ընտանիքում այս մասնագիտությունը սերնդեսերունդ փոխանցվում է։ Ինչպե՞ս չընտրեի Alma mater-ը, երբ ամբողջ մանկությունս անցել է բժշկականում: Մայրս բժիշկ է, քեռիս՝ ստոմատոլոգ, նրանց աշխատանքը միշտ հիացրել է ինձ։ Տեսնելով, թե ինչպես են նրանք օգնում մարդկանց՝ բարելավելով նրանց առողջությունն ու կյանքի որակը, ինձ ոգեշնչեց ընտրել այս ուղին։ Ստոմատոլոգիան հատկապես հետաքրքրեց ինձ քեռուս շնորհիվ։ Նրա աշխատանքը միշտ թվում էր յուրահատուկ․ այն համադրում է ճշգրտություն, մասնագիտական գիտելիք և ստեղծարար մոտեցում»,-նշում է Էլենը, ում գնահատմամբ` մարդու ժպիտը նրան դարձնում է ավելի բաց և ինքնավստահ, իսկ ստոմատոլոգը այն անձն է, ով օգնում է պահպանել այդ ինքնավստահությունը: Բացի այդ միշտ սիրել է կենսաբանությունը և ձգտել է հասկանալ, թե ինչպես է կառուցված մարդու մարմինը: Քանի որ իր համար բժիշկ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելակերպ, ուստի, բժիշկը պետք է օժտված լինի հոգեբանական և մարդկային բարձր հատկանիշներով, որպեսզի կարողանա ոչ միայն իր պացիենտի մարմինը բուժել, այլև հոգին:

ԵՊԲՀ սովորողի հավելմամբ՝ ստոմատոլոգիան ոչ միայն ատամների մասին է, այլև ամբողջ օրգանիզմի առողջության, քանի որ բերանի խոռոչի վիճակն ազդում է բազմաթիվ այլ համակարգերի վրա.

«Ես ցանկանում եմ ներդրում ունենալ այս կարևոր ոլորտում՝ օգնելով մարդկանց վստահությամբ ժպտալ և հոգ տանել իրենց առողջության մասին»։

Խոսելով բժշկական բուհում ուսումնառության մասին, ապագա մասնագետը շեշտում է՝ այն բավականին հագեցած և բազմաբնույթ է, պահանջում է համբերություն, ժամանակի ճիշտ կառավարում և հետևողականություն։

«Ուսումնառությունը բուհում շատ ինտենսիվ է, ուսանողի առաջ դրված բազմաթիվ պահանջներով: Այն ներառում է ինչպես երկարաժամկետ դասախոսությունները, այնպես էլ լաբորատոր գործնական աշխատանքը և կլինիկական փորձը: Պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել  ժամանակը, որպեսզի կարողանանք   ուսումնական և անձնական կյանքը արդյունավետ համատեղել: Բժշկական կրթությունը պահանջում է խորը գիտելիք, և բարձր առաջադիմությունը, իմ կարծիքով, լավ մասնագետի անբաժան ուղեկիցը պետք է լինի։ Այն ոչ միայն ապագա մասնագետի գիտելիքի մակարդակն է որոշում, այլև ցույց է տալիս նրա հետևողականությունը և պատասխանատվությունը։»,-ընդգծում է ուսանողը` հավելելով, որ միայն բարձր գնահատականները բավարար չեն․ անհրաժեշտ է ունենալ նաև պրակտիկ հմտություններ, բարոյական սկզբունքներ և աշխատասիրություն:

Նրա համոզմամբ՝ բարձր առաջադիմությունը ցույց է տալիս, որ ուսանողը խնամքով է մոտենում ամեն ինչին, և պատրաստ է պատասխանատվություն կրել հետագա մասնագիտական գործունեության համար:

Անդրադառնալով ուսումնառության ժամանակ առաջացած դժվարություններին, նշում է՝ ճիշտ մոտեցմամբ հնարավոր է հաղթահարել ցանկացած մարտահրավեր.

«Բժշկական կրթության ընթացքում դժվարությունները շատ են՝ սկսած նյութի ծավալից, մինչև ժամանակի կառավարումը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ուսանող դիմելով բժշկական համալսարան, գիտակցում է, որ իր ուղին լինելու է ոչ միայն դժվարին, այլև լի որոշակի փորձություններով, որոնք հաճախ գերազանցում են սպասելիքները: Փոքրիկ քայլերով առաջ գնալը և կենտրոնանալը նպատակի վրա օգնում են հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Դասախոս-ուսանող փոխհարաբերությունները բժշկական կրթության կարևոր մասն են։ Հիմնականում փոխհարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա։ Հաջողությունը կախված է նաև նրանից, թե որքանով է ուսանողը պատրաստ բաց լինել և սովորելու պատրաստակամություն դրսևորել. այս համոզմանն է Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողը, ով դասախոսների ներդրումն անգնահատելի է համարում և երախտապարտ է նրանց մասնագիտության կարևոր ընտրություններ կատարելու հարցում ճիշտ ուղղորդման և ուսանողների ներուժը բացահայտելու համար:

Ապագա ստոմատոլոգի բժշկական կրթությունից զատ կարևորում է նաև ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը: Մանկուց զբաղվել է պրոֆեսիոնալ լողով,  փորձում է միշտ ֆիզիկական ակտիվությունը ներառել առօրյայի մեջ: Սիրում է նաև օտար լեզուներ: Տիրապետում է անգլերենի, գերմաներենի: