Քույրական գործի մասնագետների նիստ` «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

Քույրական գործի մասնագետների նիստ` «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

Մարտի 15-ին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացավ Հայաստանի Բուժքույրերի միավորման հերթական նիստը, որին մասնակցում էին հանրապետության տարբեր բուժհաստատության շուրջ 80 գլխավոր բուժքույր։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Էդուարդ Բարսեղյանը ողջունեց բուժքույրերին, շնորհավորեց կանանց միամսյակի առթիվ և մաղթեց արդյունավետ աշխատանք։

Բուժքույրերի միավորման նախագահ, Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանն ելույթում նշեց, որ այժմ ԵՊԲՀ ռեկտորի հանձնարարությամբ բուհի բժշկական քոլեջի տնօրենի հետ աշխատում են բուժքույրական բակալավրի կրթական ծրագրի ուղղությամբ, հույս ունենալով, որ մինչև սեպտեմբեր այն իրականություն կդառնա։

Բուժքույրերի միավորման նախագահը հիշեցրեց, որ 2026-2027 թթ․ հիմնականում լրանում է մասնագետների հավաստագրերի ժամկետը։

«Քույրական գործի կազմակերպման ամբիոնը ՇՄԶ կրեդիտավորման դասընթացի նոր հայտեր է ներկայացրել տարբեր պրոֆիլի բուժքույրերի համար, սա նկատի ունեցեք, ինտենսիվ կաշխատենք միասին, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպենք կատարելագործման դասընթացները»,-ասաց Գեղանուշ Ստեփանյանը։ Բուժքույրերի միավորման նախագահը խոսեց նաև մայիսին նախատեսված ամենամյա տարեկան կոնֆերանսի մասին, ինչպես նաև հուլիսին Մադրիդում կայանալիք համահայկական միջազգային համագումարից, որին Հայաստանից մասնակցելու ցանկություն է հայտնել 50 բուժքույր։ Բուժքույրերին ԵՊԲՀ ռեկտորի անունից ողջունեց, նրանց միամսյակը շնորհավորեց նաև Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը։ Իր ելույթում պրոռեկտորը խոսեց բուժքույրական բակալավրի կրթական ծրագրի ներդրման աշխատանքների, ինչպես նաև բժշկական համալսարանի կողմից անցկացվող կատարելագործման դասընթացների մասին:

Բուժքույրերը բազմաթիվ հարցեր ուղղեցին պրոռեկտորին, որոնք վերաբերում էին տարբեր կազմակերպությունների կողմից անցկացվող ՇՄԶ կրեդիտավորման դասընթացների որակին, բուժքույրական բարձրագույն կրթության ծրագրի մանրամասներին, այդ թվում՝ դասերի կազմակերպման ձևաչափ, ուսումնառության տարիներ, վարձավճար, ծրագրեր, դասավանդող կազմ, կրթությունից հետո նաև գիտությամբ զբաղվելու հնարավորությունը։

«Ծրագիրը նոր է ստեղծվում, ձեր բոլոր դիտարկումները կդառնան քննարկման առարկա։ Քանի որ Հայաստանում բժշկության ոլորտում արգելված է հեռավար և հեռակա կրթությունը, դա նշանակում է, որ բուժքույրական բարձրագույն կրթությունն էլ պետք է լինի առկա»,-ասաց Գառնիկ Ավետիսյանը` շեշտելով, որ ցանկացած հարցով հասանելի է , պատրաստ է աջակցել: Խոսելով կատարելագործման դասընթացների որակի մասին՝ Գառնիկ Ավետիսյանը շեշտեց, որ պետք է մշակվեն չափորոշիչներ, որոնք կապահովեն որակյալ, պատշաճ և պիտանի կրթություն, այս ուղղությամբ նախարարության հետ աշխատում են։

Գեղանուշ Ստեփանյանը ևս կարևորեց ՇՄԶ կրեդիտավորման դասընթացների որակը և կոչ արեց տարբեր առողջապահական կազմակերպություններ ներկայացնող գլխավոր բուժքույրերին հետևողական լինել, որպեսզի բուժքույրերը անպայման մասնագիտական կատարելագործման դասընթացներին մսնակցելիս ՇՄԶ-ներ ստանան: