Ռեկտորատի հերթական նիստն անցկացվեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում։
Շրջայցի ընթացքում ներկաները ծանոթացան ձևավորման ավարտին մոտեցող կլինիկական լաբորատոր ախտորոշիչ միասնական կենտրոնի հնարավորություններին և համալսարանական ստոմատոլոգիական ստորաբաժանումների նոր տեղակայմանը, վերանորոգման հետ կապված աշխատանքներին։
Նախքան նիստի մեկնարկը ռեկտորատի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին դեկտեմբերի 14-ին կյանքից հեռացած անվանի ուռուցքաբան, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի հիշատակը։
Ներկայացնելով կատարվող բարեփոխումները՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ կատարվել է հսկայածավալ աշխատանք։
«Երեք հիվանդանոցների լաբորատոր ծառայությունները բերվել են միջազգային ստանդարտների և պահանջների», – ասաց նա։
Լաբորատոր աշխտորոշման կենտրոնական միասնական ծառայությունը մի շարք առավելություններ կունենա, կավելանա համալսարանի ծախսարդյունավետությունն այս ոլորտում, կլինիկական օրդինատորներին առավել լայն հետազոտական հնարավորություններ կընձեռվեն Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի շնորհիվ, ինչն էլ որակական փոփոխությունների կհանգեցնի նոր ծառայությունների առումով։
Ռեկտորը խոսեց նաև «Միքայելյան»-ում վերջին տարիներին կատարված բարեփոխումների մասին՝ կարևորելով մասնավորապես ձեղնահարկում իրականացվող շինարարությունը, դրա արդյունքում ստեղծվող ուսումնական, կլինիկական հատվածները։
Ըստ օրակարգի՝ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը զեկուցեց Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների, իսկ Հետբուհական և շարունակական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը՝ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի՝ միջազգային հավատարմագրում անցնելու գործընթացների վերաբերյալ։
Զարգացման և մարքեթինգի գծով նորանշանակ պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանն անդրադարձավ թանգարանի և գրադարանի՝ իր համակարգմամբ զարգացմանն ուղղված գործընթացներին՝ տեղեկացնելով առաջիկայում նախատեսված նախաձեռնությունների մասին։
Արհեստական բանականության և թվային բժշկության ամբիոնի ստեղծման մեթոդական ուղղությունները և առաջիկա անելիքները ևս արծարծվեցին Խաչատուր Մարգարյանի ելույթում։
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի առաջարկվող կազմի հաստատման հարցը։
Զեկուցվեց նաև հիվանդանոցների գործունեությունը՝ շաբաթվա կտրվածքով։
Եզրափակելով՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ անցնող տարին, ուսումնական կիսամյակը առավել հանգամանալից կամփոփվի Գիտական խորհրդի և Հոգաբարձուների խորհրդի՝ առաջիկա օրերին կայանալիք նիստերում։