Համալսարանական երեք հիվանդանոցի գլխավոր բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ շնորհավորելով՝ մեկնարկեց ռեկտորատի այսօրվա նիստը:
Ի դեմս «Մուրացան» հիվանդանոցի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանի, ԵՊԲՀ քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» հիվանդանոցի գլխավոր բուժքույր, Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանի և «Հերացի» համալիրի գլխավոր բուժքույր, Միավորված վիրահատական բլոկի ավագ բուժքույր Ամալյա Գրիգորյանի` ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորեց համալսարանական հարկի ներքո աշխատող քույրական գործի մասնագետներին` խնդրելով բոլորին փոխանցել երախտիքի խոսքերն ու նրանց կարևոր աշխատանքին տված գնահատականը:
Ռեկտորը հանգամանալից անդրադարձ կատարեց մայիսի 11-ին ուժգին քամու հետևանքով Հերացի փողոցում տեղակայված Լաբորատոր մասնաշենքի տանիքի վնասմանը, խնդրի շուրջ իրականացված օպերատիվ գործողություններին, որոնք համակարգվում են բուհի Հոգաբարձուների խորհրդի, պատասխանատու մարմինների ու գերատեսչությունների հետ համատեղ:
Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի բազմաթիվ աշխատակիցներին, ապագա բժիշկներին, որոնք անտարբեր չեղան իրավիճակին և արձագանքեցին` միանալով աշխատանքներին:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հովհաննիսյանի փոխանցմամբ` երեկ երեկոյան հրավիրվել է խորհրդակցություն, ձևավորվել է աշխատանքային խումբ Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի գլխավորությամբ: Դեռ երեկոյան տանիքի անվտանգ ապամոնտաժումից հետո հրատապ կարգով մեկնարկել է վերանորոգման աշխատանքն՝ անկախ առաջիկա օրերի եղանակային պայմաններից: Կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ՝ ռեկտորի հանձնարարությամբ տեղի է ունենալու իրավիճակի գնահատում է նաև մյուս մասնաշենքերում:
Հաջորդիվ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց 2024-2025թթ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներին. նրանք այս տարի 8-ն են:
Քննարկվեցին ուսումնական, կլինիկական այլ ստորաբաժանումներին վերաբերող ընթացիկ հարցեր: