ԵՊԲՀ School of success նախաձեռնությունն այսօր հյուրընկալել էր ԵՊԲՀ շրջանավարտ, այցելու պրոֆեսոր, Հարավային Ֆլորիդայի համալսարանի ուռուցքաբանական գիտությունների ամբիոնի դոցենտ, Մոֆիտ քաղցկեղի կենտրոնի Լեյկեմիաների և ոսկրածուծի փոխպատվաստման սեկցիայի ղեկավար, Քաղցկեղի ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի բաժնի կլինիկական և գիտական ղեկավար Նելլի Բեջանյանին։
Հանդիպման ընթացքում ամերիկաբնակ ուռուցքաբանը դասախոսների և ապագա բժիշկների հետ կիսվեց իր հաջողության պատմությամբ։
«Հիվանդասենյակից դեպի գիտահետազոտական սեղան և հետ․ թարգմանչական հետազոտությունների պատմություն» խորագրով դասախոսության շրջանակում Նելլի Բեջանյանն անդրադարձավ Հայաստանում և ԱՄՆ-ում աշխատելու տարբերություններին։
Մասնագետը նշեց, որ 1999 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, իսկ 1999-2002թթ․ hամալսարանական բժշկական կենտրոններից մեկում պլաստիկ վիրաբուժության գծով կլինիկական օրդինատուրա է անցել:
«Բժշկական բուհում ծանոթացա ամուսնուս՝ Ալեքս Լազարյանի հետ և 2002 թվականի վերջին նրա հետ միասին տեղափոխվեցի ԱՄՆ՝ հետագա կրթության և վերապատրաստման նպատակով»,-պատմեց Նելլի Բեջանյանը։
Խոսելով սուր միելոիդ լեյկոզի և ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտին առնչվող կլինիկական հետազոտություններում իր անձնական ներգրավվածության դրդապատճառների մասին՝ ուռուցքաբանը ցավով հիշեց, որ 80-ական թվականներին իր զարմիկի հիվանդությունը ստիպեց մասնագիտանալ նշված բնագավառում և փորձել ինչ-որ բան փոխել հիվանդության բուժման հնարավորությունների հարցում։
Ավարտին մասնագետը պատասխանեց ներկաների հարցերին։
Նշենք, որ արտերկրում բնակվող և մասնագիտական գործունեություն ծավալող շրջանավարտների մասնակցությամբ ԵՊԲՀ-ում անցկացվող միջոցառումները շարունակական են: