ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի շրջանակում։ ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը դասախոսության ընթացքում քննարկեց անվտանգ սեռական վարքագծի կարևորագույն ասպեկտները՝ կենտրոնանալով հակաբեղմնավորման, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման և սեռական առողջության պահպանման գործում առողջ սնվելու դերի վրա:
«Այսօրվա դասախոսությունը ձևաչափով տարբերվում է նախորդներից՝ նյութի ընդգրկվածության առումով: Այն ծաղկաքաղ է մի քանի թեմաների, որոնք խնդրահարույց են: Երիտասարդությունը պետք է սեռակրթված լինի: Յուրաքանչյուր հաջորդ տարի՝ նախորդի համեմատ, ամուսնալուծությունների թիվը շատանում է, ամուսնալուծվում են ավելի շատ, քան ամուսնանում: Այստեղ ևս կարևոր տեղ ունի սեռական գրագիտությունը, ամուսնալուծության պատճառների առաջին եռյակում սեռական գործոնն է: Ուստի սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ»,-դասախոսության մեկնարկին նշեց Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ սեռական կրթությունը ընդհանուր դաստիարակության մի մասն է, ինչպես սովորեցնում են խոսել, քայլել, սպասքից օգտվել, հետևել առողջությանը, ատամների, մազերի խնամքին, այդպես էլ պետք է ուշադրություն դարձնել սեռական առողջությանը. «Պետք չէ այն ծայրահեղացնել և հասցնել կոմպլեքսի աստիճանի, ամաչել դրա մասին խոսել, պետք է երևույթին նայել որպես ընդհանուր առողջության մի մաս և իմանալ, որ սեռակրթությունը բժշկական և հոգեբանական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է սեռական կյանքի նկատմամբ առողջ վերաբերմունքի ձևավորվմանը»:
Մասնագետը ցավով նշեց, որ սեռական անտեղյակությունը օրեցօր աճում է, մասնագիտական տեղեկատվությունն իր տեղը զիջում է համացանցին, որը ողողված է հակասական, սխալ տեղեկատվությամբ, ինչը լրջագույն խնդիր է:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչը խոսեց նաև սեռավարակների, սեռական վարքագծի վտանգների, անպտղության մասին, անդրադարձավ հղիության արհեստական ընդհատման խնդիրներին, բացատրեց նման իրավիճակներում անվտանգ որոշումների կայացման հիմնական սկզբունքները և բժիշկների հետ խորհրդակցելու կարևորությունը։
«Մարդիկ հաճախ բժշկի չեն դիմում, որովհետև չգիտեն իրենց հիվանդության մասին: Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած այս կամ այն հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով՝ բերում են շատ լուրջ հետևանքների: Սեռավարակները կարող են հանգեցնել անպտղության»,-ասաց դոցենտը՝ շեշտելով հիմնական հիվանդությունները, որոնք կարող են փոխանցվել սեռական ճանապարհով` տրիխոմոնիազ, գարդներելոզ, գոնորեա, խլամիդիա և ուրեապլազմա:
Լեփ-լեցուն դահլիճում հերացիականին ունկնդրելու էին եկել ոչ միայն բժշկականի, այլև այլ բուհերի ուսանողներ, հետաքրքրված անձիք: Դասախոսությունն ավարտվեց թեմայի ակտիվ քննարկմամբ, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ձեռք բերել օգտակար գիտելիք և խորհուրդներ սեռական առողջության խնդիրների վերաբերյալ։