Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շարունակական քայլեր են ձեռնարկվում ստոմատոլոգիական կրթությունը ԵՊԲՀ-ում բարելավելու ուղղությամբ

Շարունակական քայլեր են ձեռնարկվում ստոմատոլոգիական կրթությունը ԵՊԲՀ-ում բարելավելու ուղղությամբ

Սիրելի ստոմատոլոգներ, ստոմատոլոգիական ոլորտի աշխատակիցներ, շնորհավորում եմ մասնագիտական միջազգային օրվա առիթով։

Ստոմատոլոգիան մարդկության պատմության մեջ գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ։ Այդ ժամանակներից ի վեր այն, իհարկե, ապրել է հսկայական էվոլյուցիա։

Հայաստանում բժշկության այս կարևոր ճյուղը սկսեց զարգանալ, երբ 1961 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ հանրապետության բնակչությանն ապահովելով բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգներով։ Մինչ այդ բժշկական ուսումնարանում պատրաստում էին միայն ատամնաբույժներ և ատամնատեխնիկներ: Իսկ ստոմատոլոգիա ուսանելու համար ուսանողական խմբեր էին ուղարկվում Ռուսաստան` Ստավրոպոլի բժշկական ինստիտուտ:

Հայաստանում ստոմատոլոգիան սրընթաց վերելք է ապրում։ Այս մասին է փաստում այն հանգամանքը, որ ներկայումս մեր երկրում կարելի է իրականացնել ստոմատոլոգիական ցանկացած տեսակի և ծավալի աշխատանք։ Արտերկրի մասնագետների հետ համատեղ ջանքերով կյանքի են կոչվում կլինիկական և գիտական բազմաթիվ ծրագրեր: Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր երկրում ստոմատոլոգիան քայլում է միջազգային ռիթմին և չափանիշներին համահունչ ու համընթաց։ Ասվածի վառ ապացույցն են բարձր հագեցվածությամբ աչքի ընկնող կլինիկաները, ինչպես նաև մասնագետների արհեստավարժությունն ու աշխատասիրությունը: Չնայած զգալի ձեռքբերումներին՝ մենք շարունակական քայլեր ենք ձեռնարկում ստոմատոլոգիական կրթությունը բժշկական համալսարանում էականորեն բարելավելու ուղղությամբ: Այս մասին կարող են փաստել ուսումնական նոր ծրագրերը, որոնցում մեծ է գիտական և հետազոտական ծրագրերի դերը, ինչպես նաև միջազգային մասշտաբի մասնագիտական հավաքների անցկացումը: Ստոմատոլոգիան ներկայացնում է այն մասնագիտությունը, որին կյանքում անպայման յուրաքանչյուրս անհրաժեշտություն ենք ունենում դիմելու:

Սիրելի ստոմատոլոգներ, դուք եք մեզ գեղեցիկ ու առողջ ժպիտներ պարգևողը։ Թող ձեր ժպիտները նույնպես անսպառ լինեն, իսկ մասնագիտական բարձունքները՝ բազմաթիվ: Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ:

 

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր