Շրի Լանկայից Տուշիկա Սիվապալանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է:
Նրա կարծիքով` Հայաստանը պետություն է, որտեղ տրամադրված բժշկական կրթությունը ճանաչված է ամբողջ աշխարհում։
Ապագա մանկաբույժի համոզմամբ՝ Հայաստանը և՛ մատչելի է, և՛ բազմաթիվ հեռանկարներ է ընձեռում օտարերկրացի ուսանողներին բժիշկ դառնալու ճանապարհին:
«Բժշկական համալսարանի մասին խոսելիս ուզում եմ նշել, որ ուսումնառությունը` բալային համակարգը, բացակայությունների համակարգը, որի միջոցով գնահատվում է մեր գիտելիքը ոչ միայն ավարտական քննության ժամանակ, այլև՝ մեր կատարած աշխատանքն ամբողջ կիսամյակի ընթացքում, ոգևորում և մոտիվացնում է մեզ ջանքեր գործադրել, չզլանալ և շարունակաբար սովորել», – նշում է Տուշիկա Սիվապալանը՝ մեծապես արժևորելով ԵՊԲՀ-ի ընձեռած կրթական հնարավորությունները:
Բժշկությունը Տուշիկան ընտրել է, քանի որ միշտ ցանկացել է օգնել մարդկանց:
«Իմ ամբողջ ընտանիքը գիտությամբ էր զբաղվում, և ես իսկապես ուզում էի իմ ուրույն դերն ունենալ նաև այդ բնագավառում: Բժիշկ դառնալը երազանք էր», – պատմում է արտասահմանցի ապագա բժիշկը:
Հետագայում Տուշիկան կընտրի մանկաբույժի մասնագիտացումը՝ նպաստելով երեխաների առողջության պահպանմանը:
Անդրադառնալով բժշկի համար կարևոր հատկանիշներին՝ նա նշում է․
«Մոտ երկու տարի առաջ ես հավանաբար կասեի, որ բժշկի ամենակարևոր հատկանիշները պետք է լինեն կարեկցանքը, անձնուրացությունը, ուրիշներին մշտապես օգնելու պատրաստակամությունը։ Բայց հիմա հասկացել եմ, որ կարևոր են ոչ միայն կարեկցանքն ու անշահախնդիր օգնությունը․ պետք է լինել վճռական, կայացնել ճիշտ որոշումներ, ունենալ ամուր կամք` պացիենտների վստահությունը վայելելու համար»:
Բժշկական բուհում այսօր կրթություն է ստանում ավելի քան 200 շրիլանկացի ուանող․ նրանց մեծ մասն առանձնանում է բարձր առաջադիմությամբ։