Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շրիլանկացի ուսանողը ԵՊԲՀ-ում սովորելն առավելություն է համարում

Շրիլանկացի ուսանողը ԵՊԲՀ-ում սովորելն առավելություն է համարում

Ապագա էնդոկրինոլոգ Հիվի Կումանայակեն Երևան է ժամանել Շրի Լանկայից։

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողը բարձրագույն կրթության նպատակով ընտրել է Հայաստանը, ԵՊԲՀ-ն, քանի որ տեղեկացել էր՝ բժշկական համալսարանի առաջատար լինելու փաստի, կրթության լայն հնարավորությունների մասին: Նրա խոսքով՝ բուհն առանձնանում է բարեհամբույր աշխատակազմով։

 «Ուսուցումն այստեղ իրականացվում է հիմնականում ուսումնական խմբերում, ինչը ստեղծում է առողջ մրցակցային միջավայր, իսկ դասախոսները մեզ անհատապես են ուշադրություն ցուցաբերում», – պատմում է Հիվի Կումանայակեն:

Բժշկի մասնագիտությունը նա ընտրեց, քանի որ դպրոցում լավ էր սովորում բնագիտական առարկաները։

«Բացի դրանից, մայրս բժիշկ է՝ չնայած, որ այս պահին աշխատում է հիվանդանոցի վարչական հատվածում։ Եվ ես մտածեցի, որ բժիշկ դառնալը հենց այն էր, ինչ ես պետք է անեի», – անկեղծանում է շրիլանկացի ուսանողը, ում համոզմամբ՝ առավելություն է, երբ կարող ես օգնել դրա կարիքն ունեցող մարդկանց: Պատահական չէ, որ բժիշկները հարգանք են վայելում ամբողջ աշխարհում:

Մարտահրավերների շարքում նա առանձնացնում է շատ բան սովորելու անհրաժեշտությունը, ինչն այս մասնագիտության մեջ չի կարող սահմանափակվել միայն բարձրագույն կրթությամբ, այլ անընդհատ, շարունակական գործընթաց է:

Հիվին հետաքրքիր հոբբի ունի․ սիրում է շախմատ խաղալ։ Գիտի, որ Հայաստանում շախմատը շատ տարածված է:

Կրտսեր կուրսընկերներին նա ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ԵՊԲՀ-ում սովորելը հնարավորություն է և առավելություն։ «Բժշկական կրթություն ստանալը հեշտ չէ. եթե հեշտ լիներ, շատերը դա կանեին: Պետք է հետևողական լինել, կենտրոնանալ և վստահել սեփական ուժերին», – ամփոփում է արտասահմանցի սովորողը:

Այս պահին ԵՊԲՀ-ում կրթություն է ստանում ավելի քան 200 շրիլանկացի ուսանող:

Հիշեցնենք, որ կարճ ժամանակ առաջ բժշկական բուհը հերթական հաջողությունը գրանցեց միջազգային կրթական դաշտում: Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից վերահաստատվեց բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը, ինչը բժշկական բուհի` տվյալ կրթական ծրագրի վերահավատարմագրման արդյունքն է: