Բուհի պատմական` Անատոմիական մասնաշենքում այսօր կայացած շրջայցի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին ներկայացվեցին այստեղ տեղակայված 4 ամբիոնի նյութատեխնիկական հագեցվածությունը, շենքային և աշխատանքային պայմանները:
Բուհի ղեկավարը շինարարության գծով պատասխանատուներին հանձնարարեց մշտապես օրակարգում պահել հրդեհային անվտանգության հետ կապված հարցերը, ինչպես նաև ուրվագծել առաջիկայում տարածքները քայլ առ քայլ վերանորոգելու, բարեկարգելու հնարավորությունները:
Արդեն իսկ մասնաշենքի նկուղային հատվածում մեկնարկել են շինվերանորոգման աշխատանքներ. նախկինում փակ և չօգտագործվող հատվածներն ապագայում համալսարանականներին կծառայեն ուսումնական նպատակներով:
Հյուսվածքաբանության ամբիոնում շրջելիս ռեկտորն ամբիոնի վարիչ Կարմեն Սահակյանի հետ քննարկեց առաջիկայում ամբիոնի երկարամյա աշխատակից, անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի անունը վառ պահելուն, նրա հիշատակի հավերժացմանն ուղղված աշխատանքները, որը կյանքի կկոչվի բուհի «Վերադարձ» ծրագրի շրջանակում:
Շինարարական գործընթացները համալսարանի տարբեր մասնաշենքերում շարունակական են և ուղղված են ապագա բժիշկների կրթական հնարավորությունների թարմացմանն ու լավացմանը։