Բժշկական համալսարանը հյուրընկալեց Սիմֆերոպոլի բժշկական համալսարանի Ընդհանուր ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ինեսա Ռոմանենկոյին, որը սովորողներին ներկայացրեց «Բերանի խոռոչի ախտահարումներ» թեմայով զեկույցը։
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը ներկայացրեց հյուրին՝ կարևորելով նրա այցն ու փորձի փոխանակման պատրաստակամությունը ԵՊԲՀ օրդինատորների հետ։
Պրոֆեսոր Ինեսա Ռոմանենկոն ընդգծեց, որ համալսարանը գիտության տաճար է իր համար. «Ուրախ եմ գտնվել 100-ամյա պատմություն ունեցող բուհում և հույս ունեմ, որ իմ զեկույցը հետաքրքիր և արդյունավետ կլինի ձեր հետագա մասնագիտական գործունեության ընթացքում», – ասաց նա՝ մեջբերելով միտքը, որ օնկոլոգիական հիվանդություն ունեցող մարդու ճակատագիրն այն բժշկի ձեռքերում է, որին առաջինը կդիմի պացիենտը։ Շարունակելով՝ նշեց. «Պատմեք մարդկանց քաղցկեղի մասին, և նրանք կդադարեն վախենալ դրանից»։
Դասախոսի խոսքով՝ վաղ փուլում ախտորոշված բերանի խոռոչի քաղցկեղը բուժելի է։ «Հիվանդության վաղ հայտնաբերումը հատկապես դժվար է, քանի որ կլինիկական ախտանիշներն ի հայտ են գալիս չարորակ փոխակերպումներից ավելի ուշ», – ասում է նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ վաղ փուլերում սկսված համապատասխան բուժումը զգալիորեն մեծացնում է բուժման հաջողության հավանականությունը։ Չարորակացման սկիզբը հայտնաբերելը հնարավորություն կտա իրականացնել արմատական և օրգանապահպան բուժում։
Բերանի խոռոչի քաղցկեղը 4–6 անգամ ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց շրջանում, ինչը պայմանավորված է ծխելու, ալկոհոլի օգտագործման և այլ վնասակար սովորություններով։
Ղրիմի բժշկական համալսարանի շրջանավարտ, դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ. Քրիստինա Առաքելյանը ներկայացրեց «Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման կանխարգելումն ու բուժումը քաղցկեղով հիվանդների մոտ քիմիաթերապիայի փուլում» թեմայով ատենախոսությունը, որը հաջողությամբ պաշտպանել է Սիմֆերոպոլի բժշկական համալսարանի Ընդհանուր ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Ինեսա Ռոմանենկոյի ղեկավարությամբ։
«Այն պացիենտները, որոնք ունեն բերանի խոռոչի քաղցկեղ, մինչ հիվանդության բուժման բուն փուլը պետք է նախապատրաստվեն՝ կանխարգելելով զուգահեռ զարգացող բերանի խոռոչի խնդիրները՝ էրոզիաները, խոցերը և այլն, որոնք հավելյալ բարդություններ են առաջացնում քաղցկեղի բուժման ընթացքում»։
Մասնագետը կարևորում է հայ գործընկերների հետ համագործակցությունը. «Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման կանխարգելման և բուժման նպատակով լայն կիրառություն ունի ծիրանի կորիզից ստացված թուրմը։ Եթե պացիենտը նախապես ողողումների տեսքով օգտագործում է թուրմը, ճառագայթային բուժման ընթացքում խորը խոցերի և էրոզիաների, բարդությունների հավանականությունը նվազում է և հեշտացնում է բուժման գործընթացը»։
Քրիստինա Առաքելյանը նպատակ ունի հայ գործընկերների հետ համագործակցության շրջանակում շրջանառության մեջ դնել ծիրանի կորիզից պատրաստված թուրմ՝ նպաստելով բերանի խոռոչի քաղցկեղ ունեցող հիվանդների բուժման ընթացքին։