Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

SIOP Asia 2023 15-րդ համաժողով. ամրացնելով Հայաստանի դիրքերը բժշկագիտական միջազգային քարտեզների վրա

SIOP Asia 2023 15-րդ համաժողով. ամրացնելով Հայաստանի դիրքերը բժշկագիտական  միջազգային քարտեզների վրա

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը։  

Մեկդարյա բուհի համար մեծ պատիվ է իր տանիքի ներքո համախմբել մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար դերակատարներին աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Ճապոնիայից, Սինգապուրից, Իրանից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սիրիայից, Հորդանանից, Լիտվայից, Իտալիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Սերբիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, Նիդեռլանդներից, Չեխիայից, Կանադայից, Արգենտինայից՝ նպաստելով ազգային ձեռքբերումների բազմապատկմանը։

Միջոցառմանը ներկա են 150-ից ավել մասնագետներ աշխարհի շուրջ  60 երկրի առաջատար բժշկական կառույցներից և ուսումնական հաստատություններից։ 

«ԵՊԲՀ տանիքի ներքո մենք հավաքվել ենք, որ անցկացնենք Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովի մեկնարկը: Համաժողովն ամփոփելու է միջազգային հաջողություններն ամենածանր և ամենակարևոր բժշկագիտական ոլորտում` մանկական  ուռուցքաբանության մեջ: Այս ոլորտը  մշտապես ուշադրության ներքո է, և Հայաստանում գրանցվող հաջողություններն ակնառու են: Վստահաբար կարող ենք ասել, որ որպես զարգացող երկիր` մենք փաստացի  գերազանցել ենք աշխարհում գնահատվող ցուցանիշները` մասնավորապես ապրելիության 75 տոկոսը խոսում է այն մասին, որ իրականացված աշխատանքը և ձեռքբերումները թույլ են տալիս անգամ կիսվել այդ հաջողություններով»,- ողջունելով բոլոր հյուրերին, մասնակիցներին, ուսանողներին` նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ համալսարանի կողմից որդեգրված միջազգային ուղղվածության աշխատանքները շատ խոստումնալից են:

Նա հույս հայտնեց, որ բոլոր մասնակիցների սպասումները կարդարացվեն և հնարավորություն կունենան ամփոփել կատարված աշխատանքի արդյունքները:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և, մասնավորապես, պրոֆեսոր Գևորգ Թամամյանին, ում ջանքերով հաջողվեց բժշկական  մայր բուհի տանիքի ներքո իրականացնել  հոբելյանական համաժողով` միավորելով տասնյակ երկրների առաջատար մասնագետներին:

«Այս կարևոր միջոցառումն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Ինձ համար մեծ պատիվ է ողջունել այն։  Ընդամենը երկու օր առաջ ես պատիվ ունեցա մեկնարկելու ևս մեկ կարևոր հանդիպում Հայաստանում, որը համախմբել էր քաղցկեղի մասնագետներին հիմնականում Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Այժմ մեկնարկում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը, և հրաշալի է այն փաստը, որ այս շաբաթ Հայաստանը վերածվեց մանկական ուռուցքաբանական կենտրոններից մեկի»,- ողջույնի խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ ավելորդ է ասել, որ քաղցկեղն աղետալի հիվանդություն է, որն անմասն չի թողնում նաև երեխաներին՝ աշխարհի ամենագեղեցիկ ու բարի արարածներին: Քաղցկեղով հիվանդ երեխաներն աներևակայելի ուժեղ են, չափազանց խիզախ, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք օգնել նրանց հաղթահարելու այս հիվանդությունը:

«Մանկական քաղցկեղի կանխարգելումը մեր առաջնահերթություններից է, և ընթացիկ ցուցանիշներն ապացուցում են դա։ Անցյալ տարի մեր երկրում կրկնապատկվեց մանկական քաղցկեղի պետական ֆինանսավորումը: Բարեգործական հիմնադրամների հետ համագործակցության միջոցով մենք կարող ենք հոգալ Հայաստանում մանկական քաղցկեղի խնամքի հետ կապված ծախսերը: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում ոչ մի երեխա առանց բուժման չի մնում», – շեշտեց նախարարը:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, Աջենուս կորպորացիայի նախագահ և գլխավոր տնօրեն Գարո Արմենը ևս ողջունեց ներկաներին․

«Բարի գալուստ պատմական և գեղեցիկ Երևան քաղաք։ Հայերն աշխարհի հնագույն քաղաքակրթությունների ու մշակույթների կրողներից են, նրանք համատեղում են ճկունությունը, նորարարությունը և համագործակցելու ունակությունը։ Եվ սա շատ սահուն համադրություն է, ինչը կարևոր է SIOP-ի՝ երեխաների քաղցկեղը բուժելու առաքելության տեսանկյունից»։

Ուռուցքաբանության ոլորտի այսօրվա ձեռքբերումների շարքում նա ընդգծեց, որ մանկական լիմֆոմաների և լեյկեմիաների մոտ 90%-ը բուժվում են։ «Դժբախտաբար, մենք չենք կարող նույնն ասել պինդ ուռուցքների մասին, որոնք շատ լուրջ մարտահրավեր են ոչ միայն մանկական, այլեւ մեծահասակների ուռուցքների համար», – նշեց Գարո Արմենը։

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում, նրա խոսքով, կքննարկվեն մի շարք նորարարական գաղափարներ, որոնք կհանգեցնեն հրաշալի արդյունքների։

«Մի քանի ամիս առաջ պրոֆեսոր Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ես հանդիպեցի 5 երեխայի, նրանցից մի քանիսը հազիվ էին կարողանում բացել աչքերը։ Նայելով նրանց աչքերի մեջ՝ ես խոստացա, որ մենք մեզ հասանելի գործիքներով կանենք ամեն ինչ՝ խնդիրը հաղթահարելու համար: Շատ դժվար է նայել երեխայի աչքերի մեջ և ասել, որ մենք չենք կարող տրամադրել քեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է քո հիվանդությունը բուժելու համար, քանի որ համակարգը թույլ չի տա մեզ դա անել: Ժամանակը մեր օգտին չէ, քանի որ այս հրաշք երեխաները մարում են մեր ձեռքերում», – ընդգծեց Գարո Արմենը:

«Նշանակալի օր է յուրաքանչյուր բժշկի  և, մանավանդ, արյունաբանությամբ և ուռուցքաբանությամբ զբաղվող մարդու համար: Մեր մայր բուհի կամարների ներքո մեզ բախտ է վիճակվել հյուրընկալելու մեր բնագավառի ամենահանրահայտ մասնագետներին: Դարավոր կամարները հերթական անգամ ականատես են լինում իրենց շրջանավարտների նվաճումներին և ձեռքբերումներին: Ես հպարտ եմ»,- ասաց  Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը` շեշտելով, որ այսօրվա համաժաղովը թույլ կտա առնչվելու խոշորագույն համալսարանների և հիվանդանոցների փորձին:

«Որպես մանկաբույժ, առավել ևս որպես մանկական վիրաբույժ` ամբողջ կյանքիս ընթացքում կրել եմ այդ բեռն ու անհանգստությունն այն երեխաների համար, որոնք ունեցել են և ունենում են չարորակ ուռուցքներ և հիվանդություններ: Ուրախ եմ, որ նման կարևոր և պատվավոր միջոցառումն իրականացվում է Հայաստանում: Ուրախ եմ, որ մենք ևս մեկ կարևոր քայլ ենք անում էլ ավելի զարգացնելու այս դժվար բնագավառը, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ոչ թե երեխան մեր ապագան է, այլ` մեր առօրյան: Երեխաներն ունեն իրենց իրավունքներն ու չեն զիջում, եթե առավել չեն բոլոր մյուսների իրավունքներից»,- ասաց Մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

«Իմ և  բազմաթիվ ուռուցքաբանների անունից շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին նման կարևորագույն միջոցառումը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու համար: Ուրախությամբ եմ ուզում նշել, որ համաժողովի կարևոր թեմաներից` ճառագայթային թերապիայի մասին քննարկումներն անցկացվելու են Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»- ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը:

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլյերմո Շանտադան նշեց․ «Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ձեզ հետ։ SIOP ASIA-ն աճում է, մենք ներկայացնում ենք աշխարհում միակ բժշկական կազմակերպությունը, որն ամբողջությամբ նվիրված է մանկական քաղցկեղին՝ ներգրավելով հետազոտություններին աջակցող բոլոր մայրցամաքները, ստեղծելով նոր գիտելիքներ և, ամենակարևորը, ընդլայնելով ցանցը»: 

SIOP ASIA մայրցամաքային նախագահ Հիրոկի Հորին հայտնեց, որ կազմակերպության Ենթասիական մայրցամաքային ճյուղի համար մեծ պատիվ է անցկացնել 15-րդ համաժողովն այստեղ։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում մանկական ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը», – ընդգծեց նա՝ շնորհակալություն հայտնելով հայ մասնագետներին կազմակերպչական մեծ ջանքերի համար։

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդական, Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս, ԱՄՆ կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի ղեկավար Գևորգ Թամամյանը շեշտեց, որ սա առանձնահատուկ օր է իր համար, քանի որ մեծ պատիվ է փոքր երկրի համար նման մեծ հանդիպում անցկացնելը:

«Կարծում եմ՝ Ասիայի համար մենք փոքր երկիր ենք, փոքր ենք, բայց հայ ենք: Հայաստանը մեր տունն է, և ես կրկնակի հպարտ եմ ձեզ հյուրընկալելու Հայաստանի յուրաքանչյուր բժշկի տանը՝ մեր համալսարանում։ Մանկական քաղցկեղը մեր ուշադրության կարիքն ունի. ամեն օր մենք առնչվում ենք ևս մեկ մարտահրավերի, և ես վստահ եմ, որ այս օրերի ընթացքում մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համագործակցենք, կիսվենք միմյանց հետ։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում պատիվ կունենանք մեր երկրում հյուրընկալելու համաշխարհային SIOP-ը»,-եզրափակեց անցկացվող համաժողովի կազմկոմիտեի նախագահ Գևորգ Թամամյանը։ 

Լրագրողների հետ զրույցում նա փաստեց, որ համաժողովի անցկացումը մեծ թիմի աշխատանքի արդյունք է, և մեծ պատիվ է: Համոզված է, որ այս քայլով Հայաստանն էլ ավելի կամրացնի իր դիրքերը բժշկագիտական  միջազգային քարտեզների վրա:

Համաժողովի 4 օրերին անցկացվող գրեթե բոլոր նիստերին հայ մասնագետներն ունենալու են զեկույցներ, միջոցառումը նաև օնլայն հարթակում է լայնորեն ներկայացվում:

Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 առաջնակի դեպք։ Սա համաշխարհային միջին ցուցանիշ է։ Այս երեխաներից 75-ն առողջանում է ամբողջապես, սա շատ մոտ է միջազգային լավագույն ցուցանիշներին։ Ցավոք, մենք տարեկան կորցնում ենք 25 երեխայի, և սա զուտ թվեր չեն մեզ համար։ Միջոցառման  կարևոր ուղերձներից  է հասկանալը, որ քաղցկեղը, հատկապես՝ մանկական, դատավճիռ չէ։

Մասնակիցները հույս ունեն, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև համագործակցությունը կլինի շարունակական, իսկ կազմակերպության 15-րդ համաժողովի անցկացումը մեր երկրի մայրաքաղաքում զգալի ներդրում կլինի առողջացման ցուցանիշների աճի ապահովման գործում։

Նշենք, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը միակ մուլտիդիսցիպլինար կազմակերպությունն է աշխարհում, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, այդ ոլորտում գիտելիքների ավելացմանը: Ընկերությունն ունի ավելի քան 2600 անդամ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բժիշկներ, բուժքույրեր, առողջապահության ոլորտի այլ մասնագետներ, գիտնականներ և հետազոտողներ: