Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սիրեք ձեր աչքերը. ինչպես կանխել և բուժել տեսողության խանգարումները

Սիրեք ձեր աչքերը. ինչպես կանխել և բուժել տեսողության խանգարումները

Այսօր տեսողության համաշխարհային օրն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է որպես տեսեղության համաշխարհային օր։  Այն տոնվում է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով հասարակությանն աչալուրջ լինել աչքերի առողջության նկատմամբ։  Այս տարի տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները անցկացվում են «Երեխաներ, սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել մանկության շրջանում տեսողության խնդիրների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման կարևորության վրա:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում շուրջ 2․2 միլիարդ մարդ տեսողության խանգարումներ ունի, ընդ որում նրանցից 39 միլիոնը կույր է: Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվը կազմում է 19 մլն, նրանցից 1․4 մլն․ անդառնալիորեն կույր է։ Նշված 2․2 միլիարդ մարդկանցից առնվազն 1 միլիարդը ունեն տեսողության խանգարումներ, որոնք կարելի էր կանխել կամ վերացնել: Տեսողության խանգարմամբ մարդկանց գրեթե 90%-ը բնակվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում։

Տեսողության խանգարման հիմնական պատճառներն են՝ չբուժված ռեֆրակցիոն սխալները (կարճատեսություն, հեռատեսություն կամ աստիգմատիզմ)՝ 43%, չվիրահատված կատարակտը՝ 33%, գլաուկոման՝ 2% և տարիքային մակուլյար դեգեներացիան՝ 1.6%։

>40 տ. յուրաքանչյուր վեցերորդի և >80 տ. անձանց ճնշող մեծամասնության մոտ ախտորոշվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության հանդիպման հաճախականությունը գրեթե 20% է, ուսանողների շրջանում` մինչև 40%: Սրան նպաստում է նաև թվային սարքերից օգտվելու անվերահսկելի ժամանակը: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է  դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75%-ը հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և բարձր տարիքային խմբում: Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն:

            Տեսողության խանգարումների զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններն են՝

  • >50 տարիքը․տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65%-ը և կույր անձանց 82%-ը 50-ից բարձր տարիքի են։
  • Իգական սեռը /կանայք կրկնակի հաճախ են հիվանդանում/
  • Ժառանգակական նախատրամադրվածությունը
  • Հեռուստացույցի, համակարգչի, սենսորային հեռախոսների, պլանշետների պայծառ էկրանները
  • Ծխելը
  • Ոչ բալանսավորված, վիտամիններով աղքատ սնունդը
  • Ավելորդ քաշը և ճարպակալումը
  • Սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը
  • Շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունները։

Տեսողության խանգարումների ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանշաններից են՝

  • հեռու կամ մոտ պատկերները տեսնելու դժվարությունը
  • ակնագնդում ցավի կամ անհարմարության զգացումը
  • երկարատև կամ արտահայտված աչքերի կարմրածությունը
  • արցունքահոսությունը
  • աչքերի չորությունը
  • աչքերում օտար մարմնի զգացողությունը
  • լույսի հանդեպ աչքերի գերզգայունությունը
  • երկարատև կամ ուժեղ քորի զգացումը
  • սև բծեր կամ կայծեր տեսադաշտում, մշուշված տեսողություն։

Աչքի հիվանդությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Մեկ կամ երկու ռիսկի գործոն ունեցող մարդկանց համար տարեկան 1-2 անգամ ակնագնդերի հետազոտությունը պետք է դառնա նորմա։ Տեսողության խանգարումների մասին վկայող ախտանիշներից թեկուզ մեկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել ակնաբույժի օգնությանը։ Մասնագետի կողմից իրականացված հետազոտությունները թույլ կտան վաղ շրջանում բացահայտել հնարավոր խնդիրները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Բժիշկը կարող է առաջարկել նաև տեսողության շտկման հնարավոր մեթոդներ։

Աչքի հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ներառում նաև պարզ կանոնների պահպանում, որոնք օգնում են լավ տեսողություն պահպանել: Մասնագետները խորհուրդ են տալիս չծխել։ Տեսողության խանգարումներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սննդակարգում օգտագործել  ցանցաթաղանթի արյունատար անոթները ամրացնող մթերքներ /հապալաս, գազար, մաղադանոս և այլն/։ Խորհուրդ է տրվում նաև հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել հեռախոսների, հեռուստացույցի և համակարգչի առջև և պահպանել 20-20-20 կանոնը, այն է` 20 րոպե էկրանային ժամանակից հետո 20 վայրկյան ընդմիջել և այդ ընթացքում նայել 20 ֆունտ /6մ/ հեռավորության վրա գտնվող ինչ-որ առարկայի։