Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սովորելու ոսկե մեթոդը գտնելու համար կարևոր է ճիշտ գնահատել սեփական ունակությունները

Սովորելու ոսկե մեթոդը գտնելու համար կարևոր է ճիշտ գնահատել սեփական ունակությունները

Կրթության մեջ հաջողության հիմնական մոտեցումները ներառում են ոչ միայն սեփական ունակությունների ճիշտ գնահատումը, այլև աշխատասիրության դերի կարևորումը։ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Էլիզ Բալոյանն ասում է՝ ամենամեծ բարդությունը, որին բախվում է ուսանողը հենց առաջին օրերից, նյութի ծավալն է։ Կարևոր է ցուցաբերել պատրաստակամություն և տրամադրել բավարար ժամանակ ուսմանը։

Խոսելով քննություններին նախապատրաստվելու գործընթացի մասին՝ նշում է, որ լավագույն արդյունքի հասնելու համար քննությունը պետք է դիտարկել որպես ձեռք բերած գիտելիքի ստուգում, ոչ թե մեկ օրում նոր նյութ սովորելու պատճառ։

«Բավարար քունը և հանգիստը նախաքննական օրերին` լավ արդյունք ստանալու կարևորագույն հանգամանքներից մեկն է»,-վստահեցնում է ուսանողը։

Ուսումը բժշկական բուհում հեշտ չէ և պահանջում է մեծ նվիրում: Ապագա բժիշկը կարծում է, որ բարդ իրավիճակներում անհրաժեշտ է ուսումը կարևորել նույնքան, որքան առօրյա խնդիրներն ու բարդ իրավիճակները։ «Երբեմն ուսումը կարող է նույնիսկ ծառայել որպես հոգսերից շեղող հանգամանք։ Ի վերջո, պետք է հիշել, որ ոչ մի դժվարություն մշտական չէ, իսկ հաստատակամությունն ու համբերատարությունը հաջողության հասնելու գրավականն են»,-համոզված է ապագա բժիշկը, ում նպատակը  լավ մասնագետ դառնալն է։ ԵՊԲՀ-ն այդ նպատակին հասնելու համար նրան տրամադրում է անհրաժեշտ գիտելիք, պրակտիկայի հնարավորություններ և գիտակ դասախոսական կազմի աջակցություն՝ ուսանողին պատրաստելով ապագա կարիերային։

Արդարությունը, ազնվությունն ու բարեխղճությունն այն հիմնական արժեքներն են, որոնց պետք է հավատարիմ մնա կոչումով բժիշկը:

Լավ բժիշկ դառնալու գրավական ոչ միայն ձեռք բերած գիտելիքն ու դրանց խորությունն է, այլև դրանք կիրառելու ունակությունը։

Ապագա բժիշկը, չնայած ակտիվորեն ներգրավված չէ ուսանողական կյանքին, սակայն ողջունում է մասնակցությունը տարբեր միջոցառումներին ու նախագծերին, քանի որ դրանք իդեալական միջոց են նոր կապեր հաստատելու համար։

Մասնագիտացման ընտրության հարցում նա դեռ չի կողմնորոշվել, հետաքրքրությունները քիչ չեն։

«Ժամանակը կօգնի հասկանալ, թե որտեղ կկարողանամ ավելի շատ ներդրում ունենալ»,-կարծում է նա։

Էլիզ Բալոյանի համար ԵՊԲՀ-ում սովորելու ընթացքում ամենակարևոր դասը, որը ստացել է պրոֆեսորադասախոսական կազմի կողմից «ինչու՞» հարցի պատասխանը ինքնուրույն գտնելն է: «Գիտելիքը երբեք վերջնական չէ, և լավ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է անընդհատ սովորել, հարցեր տալ ու ժամանակի հետ զարգանալ»,-ավելացնում է նա։

Որպես բարձր առաջադիմություն ունեցող ուսանող՝ նա խորհուրդ է տալիս սահմանել հստակ նպատակներ, անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել և դժվարությունները դիտարկել որպես աճի հնարավորություն։ «Ամեն մարդ ունի սովորելու իր ոսկե մեթոդը, իսկ այն գտնելու համար կարևոր է ճիշտ գնահատել սեփական ունակությունները»,– ասում է նա՝ եզրափակելով, որ համբերատարությունն ու հետևողականությունը կարևոր են։