Սրտի համաշխարհային օրը. Սրտաբանական ուսանողական ընկերության առաջին պաշտոնական հանդիպումն ընթացիկ ուստարում

Սրտի համաշխարհային օրը. Սրտաբանական ուսանողական ընկերության առաջին պաշտոնական հանդիպումն ընթացիկ ուստարում

ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի Սրտաբանական ուսանողական ընկերությունը (YSMU Cardiology Society – YCS) նշեց Սրտի համաշխարհային օրը՝ կազմակերպելով ընթացիկ ուսումնական տարվա իր առաջին պաշտոնական հանդիպումը։

Հոկտեմբերի 3-ին անցկացված միջոցառումը, ներառելով կրթական բաղադրիչ, միևնույն ժամանակ նպաստեց մասնագիտական հետաքրքրությունը կիսող ուսանողների հաղորդակցման ու փոխգործակցության միջավայրի ձևավորմանը։

Ծրագրի ընթացքում ներկայացվեցին թեմատիկ զեկույցներ, որոնք անդրադարձան ժամանակակից սրտաբանության զարգացման ուղղություններին՝ արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի և վերականգնողական բժշկության կիրառությանը, ինչպես նաև շտապ օգնության և վերակենդանացման գործնական հմտություններին։ Առանձնակի ուշադրություն էր դարձվել սրտային ամիլոիդոզի՝ հազվագյուտ, սակայն կարևոր հիվանդության ճանաչմանը և բուժմանը։

Ինտերակտիվ «Փաստեր և միֆեր» խաղ-քննարկումը խթանեց ապացույցների վրա հիմնված ուսուցումը և ստեղծեց աշխույժ մթնոլորտ ուսանողների ու դասախոսների միջև։

Միջոցառման ավարտին կայացավ խորհրդանշական արարողություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Սրտաբանական ուսանողական ընկերության նոր ղեկավար կազմին, ողջունելու թիմի նոր անդամներին և մաղթելու նրանց բեղմնավոր գործունեություն։