Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների գործնական հմտությունները կգնահատվեն OSCE ձևաչափով

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների գործնական հմտությունները կգնահատվեն OSCE ձևաչափով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների գործնական հմտությունները կգնահատվեն OSCE (Objective Structured Clinical Examination – Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննություն ՕԿԿՔ) ձևաչափով:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը մանրամասնել է քննության ձևաչափի և առանձնահատկությունների մասին:

«Ստոմատոլոգիական ֆակուլտետի միջազգային հավատարմագրման ճանապարհին ձեռնամուխ ենք եղել ամփոփիչ ատեստավորման առաջին փուլը` գործնական հմտությունների ստուգումն իրականացնելու OSCE ձևաչափով: Մայիսի 27-ին իրականացրինք OSCE ձևաչափով ատեստավորման փորձնական տարբերակը: Հրավիրված էին դասախոսները, ուսանողական խմբերի ավագները: Նրանց մասնակցությամբ, Ուսանողական խորհրդարանի հետ համատեղ նկարահանեցինք ուղեցույց-տեսահոլովակ` ավարտական կուրսի ուսանողների համար, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան OSCE ձևաչափով ատեստավորման ընթացակարգին, չնայած այդ ամենը տեսականորեն նրանց արդեն մանրամասնորեն բացատրվել էր արտադրական խորհրդակցության ընթացքում»,- նշեց դեկանը: Նկարահանման ընթացքում ուսանողները ծանոթացան կայանների կառուցվածքին, մուտքի, ելքի ազդանշաններին, ընթացակարգի ողջ տեխնիկական գործընթացին և փորձեցին այդ ամենն` իրենց անմիջական մասնակցությամբ: Հիմնական քննական կայաններից բացի, կա նաև հանգստի կայան, որտեղ ատեստավորվող ուսանողը հնարավորություն ունի հանգստանալու: Ատեստավորման այս փուլը մեկնարկում է հանձնաժողովների քարտուղարների մոտ ուսանողի գրանցմամբ, համապատասխան ծածկագիրը խալաթին փակցնելով և անհատական թերթիկի տրամադրումով:

Վերջինիս վրա նշված է տվյալ ուսանողի` տարբեր կայաններ մուտք գործելու հերթականությունը: Մեկնարկային կայանի համարն ընտրվում է ուսանողի կողմից` վիճակահանության սկզբունքով: Տարբեր խմբերի համար կայանների առաջադրանքները տարբեր են:

Հետևելով ձայնային ազդանշաններին` բոլոր կայանների առաջադրանքները կատարելուց հետո ուսանողը վերադարձնում է քարտուղարին իր անհատական թերթիկը և լքում քննական տարածքը: Ատեստավորման այս փուլը գնահատվում է ստուգարքի ձևով, և արդյունքները հայտարարվում խմբի ատեստավորման ավարտին` ամփոփելով տարբեր կայանների տվյալները:

Դրական արդյունքով ատեստավորված ուսանողները պատրաստվում են հաջորդ փուլերին` ըստ նախապես սահմանված ժամանակացույցի:

2024-2025 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը մեկնարկելու է հունիսի 2-ին:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանատը և մասնագիտական ամբիոնները կարճ ժամանակահատվածում թիմային համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ նախապատրաստվել են OSCE ձևաչափով ատեստավորման իրականացմանը` ներկայացնելով կատարված մեծածավալ աշխատանքի վերջնական արդյունքները: