Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և բժշկական համալսարանի համագործակցության մասին հուշագիր

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և բժշկական համալսարանի համագործակցության մասին հուշագիր

Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:

Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծել են, որ այսկերպ օրենսդրական հիմք են ստանում մի շարք կարևոր դրույթներ: Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին: Բացի այդ, ռազմաբժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետները կներգրավվեն ԵՊԲՀ կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը:

Հուշագրի համաձայն՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները հա­մա­րվում են բժշկական համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում կլինիկական առարկաների յուրացման, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման բազաներ: