Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

 «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

 «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի հայ և արտասահմանցի մասնագետները հանդես եկան կարևոր և արդի զեկույցներով՝ ներկայացնելով իրենց փորձն ու գիտելիքը ստորին վերջույթների վնասվածքների վերաբերյալ։

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դասախոս Արմենակ Բդոյանի խոսքով՝ շատ կարևոր է փորձի փոխանակումը՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեսանկյունից։

«Աշխարհում այս ոլորտում նորագույն մեթոդներ են կիրառվում։ Այսպիսի կոնֆերանսները բացում են ինֆորմացիոն դաշտը, քանի որ ընդգրկված են մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Ստորին վերջույթի վնասվածքները բազմաբնույթ են. դրանց բուժման մոտեցումները հիմնականում ընդհանուր են, սակայն կան նաև անհատական տարբերակներ։ Այսօրվա հանդիպման նպատակն է համեմատել դրսի և տեղական փորձը»,- նշեց նա՝ հավելելով, որ մասնագիտության մեջ նորագույն մեթոդներին ծանոթանալը չափազանց կարևոր է։

Կլինիկայի ղեկավարը շեշտեց, որ համալսարանական հիվանդանոցը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, իսկ մասնագետները տիրապետում են աշխարհի նորագույն բուժման մեթոդներին։

 «Վերապատրաստումներն անընդհատ են, և տեխնիկական հագեցվածությամբ մենք չենք զիջում առաջատար կլինիկաներին»,- հավելեց Արմենակ Բդոյանը։

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ռեկտոր Արմեն Մուրադյանի անունից ողջունեց վիրաբույժ-վնասվածքաբաններին, որոնք բժշկական բուհի հարկի տակ մասնակցում էին միջոցառմանը։

 «Քննարկվող թեմաներն ունեն կարևոր գիտագործնական նշանակություն։ Այսօր կտրվելով ձեր առօրյայից՝ համալրում եք այն գիտելիքի պաշարը, որն այստեղ միմյանց հետ կիսելով կհարստացնեք և վիրասրահ կվերադառնաք նոր հմտություններով»,- նկատեց նա՝ մասնագետներին մաղթելով արդյունավետ աշխատանք։

Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի (ԵՎՎԵԿ) հիմնադիր-ղեկավար  օրթոպեդ-վնասվածքաբան Արշակ Միրզոյանը կարևորելով միջոցառումը՝ շեշտեց, որ ոլորտի մասնագետներն իրարից շատ բան ունեն սովորելու՝ հենվելով միմյանց փորձի վրա: «Այսօրվա միջոցառումը կնպաստի Հայաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների ասոցիացիայի զարգացմանը»,- հույս հայտնեց նա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Գագիկ Բդոյանը շեշտեց, որ սա այն հարթակն է, որտեղ պետք է բարձրաձայնվեն մասնագետներին հուզող բոլոր խնդիրները՝ բարձրացնելով մասնագիտական մակարդակը:

Երկօրյա կոնֆերանսի առաջին զեկույցը ներկայացրեց Մոսկվայի թիվ 31 քաղաքային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Անդրեյ Միրոնովը։ Նա խոսեց պոլիտրավմայով պացիենտների բուժման ժամանակակից մոտեցումների մասին, որի հիմնական պատճառներից են ճանապարհատրանսպորտային պատահարները, բարձրությունից ընկնելը, արդյունաբերական վթարները, սպառազինության կամ պայթյունների հետևանքները (ռազմական ոլորտում՝ «մարտական պոլիտրավմա»)։

 «Բժշկական անձնակազմի գլխավոր խնդիրը տուժածի կյանքի պահպանման առաջնային միջոցառումների իրականացումն է, որին հաջորդում է մասնագետների թիմային համակցված աշխատանքը»,- ընդգծեց վնասվածքաբան-օրթոպեդը։

Մոսկվայի Ֆ. Ի. Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի (ГКБ №36) վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արտակ Չարչյանը ոլորտի ներկայացուցիչների հետ կիսվեց պոլիտրավմայով պացիենտների մոտ ազդրոսկրի կոտրվածքների բուժման առանձնահատկություններով, ներկայացրեց կոնքի օղի անկայուն վնասվածքների և ազդրոսկրի պրոքսիմալ հատվածի միջային կոտրվածքների վիրաբուժական մարտավարությունը։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար Ատոմ Տեր-Գրիգորյանը հանդես եկավ զեկույցով՝ նվիրված կոնքի ոսկրերի կոտրվածքների բուժման մինի-ինվազիվ օստեոսինթեզի հնարավորություններին։ Ներկայացրեց բարդ կլինիկական դեպքեր՝ բուժման բարեհաջող ելքերով։

Ստորին վերջույթների վնասվածքների համալիր անեսթեզիոլոգիական միջոցառումների մասին խոսեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Յուրի Խաչատուրյանը, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության ծառայության ղեկավար Շահեն Դանիելյանը՝ Հայաստանում վնասվածքների վիրաբուժական հսկողություն դասընթացների վերաբերյալ։

«Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսով Հայաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների ասոցիացիան վերսկսում է ակտիվ գործունեությունը։ Միջոցառման ընթացքում շեշտվեց կառույցի դերը, որը միավորում է մեր երկրի օրթոպեդներին և վնասվածքաբաններին՝ նպատակ ունենալով բարելավել օրթոպեդիկ բժշկական ծառայությունների որակը մեր երկրում։

Հագեցած միջոցառումը կշարունակի աշխատանքը նաև վաղը`անդրադառնալով մի շարք մասնագիտական թեմաների: