ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ վերաբացված «Թամազյան» վիրաբուժության դպրոցն առաջին շրջանավարտները կունենա։
Առաջիկայում նախատեսված է նրանց ավարտական միջոցառումը և կրթաթոշակների հանձնումը։
Դպրոցի տնօրեն, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հարությունյանը նշեց, որ շուրջ 2,5 տարի դպրոցում սովորել են Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի լավագույն շրջանավարտները։
Նրանցից 3-ը արժանանալու են հատուկ կրթաթոշակի, այն է՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում իրենց կլինիկական օրդինատուրան կանցնեն անվճար, մեկի համար կվճարի բժշկական բուհը, մեկի համար՝ հիվանդանոցը, երրորդի համար՝ Թամազյանների ընտանիքը։
Արմեն Հարությունյանը նշում է, որ լավագույն ցուցանիշներ արձանագրած, այս ընթացքում վիրաբուժական աշխատանքում ակտիվ, պարտաճանաչ ներգրավված երեք ուսանողներն էլ իգական սեռի ներկայացուցիչներ են, նրանցից մեկը ապագա թորակալ վիրաբույժ է, մյուսը՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, երրորդը՝ միկրովիրաբույժ։
Դպրոցի մյուս շրջանավարտները «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում աշխատանքի անցնելու համար հետագայում առաջնահերթություն կունենան։
Նշենք, որ Վիրաբուժության դպրոցը վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելու համալսարանական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս գործուն քայլերով մասնագիտանալ ընտրած բժշկագիտական ուղղության մեջ:
Այս դպրոցում սովորելու թեկնածուները ընտրվում են «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի շրջանավարտներից։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ ուսումնառության ընթացքում նրանք բաժանվում են խմբերի, ըստ նախօրոք սահմանված ժամանակացույցի՝ գործուղվում տարբեր բաժանմունքներ, մասնակցում բժշկական գործունեության՝ խորհրդատվություններ, համայցեր, վիրահատություններ, հերթապահություններ և այլն։
Հիշեցնենք, որ «Թամազյան» վիրաբուժության դպրոցը «Միքայելյան» հիվանդանոցի նախկին ղեկավար, անվանի բժիշկ-գիտնական Համլետ Թամազյանի անունն է կրում:
1990-ականներին հենց պրոֆեսոր Թամազյանն էր նման նախաձեռնություն կյանքի կոչել Վիրաբուժության ինստիտուտում:
Նրա ղեկավարման տարիներին վիրաբուժական այս խոշոր դարբնոցում գործնական գիտելիքներ ձեռք բերողները՝ իր աշակերտները, գրանցել են բազում հաջողություններ և այսօր արդեն հայտնի վիրաբույժներ են:
Վիրաբույժներ թրծելու համալսարանական կարևոր այս նախաձեռնության վերաբացվեց 2022 թվականին` լուսահոգի Համլետ Թամազյանի 75-ամյա հոբելյանի շրջանակում: