ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի նախաձեռնությամբ բժշկական մայր բուհի բակում կազմակերպվել էր Տեառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները:
Ուսանողները տոնական միջոցառումը լցրին ազգային երգ ու պարով:
Հայկական ավանդական մեղեդիները միախառնվել էին երիտասարդների ժպիտներին՝ բակը վերածելով իսկական տոնախմբության վայրի:
Միջոցառման ամենասպասված պահը, իհարկե, խարույկի վառումն էր։ Ըստ գեղեցիկ ավանդույթի՝ համալսարանականները ցատկեցին կրակի վրայով՝ մաղթելով միմյանց սեր, ջերմություն և բարօրություն։
Ուսանողները Տեառնընդառաջի մասնակիցների համար պատրաստել էին խորհրդանշական հյուրասիրություն:
Տոնի անվանումը բխում է քրիստոնեական ավանդությունից և նշանակում է «Տիրոջն ընդառաջ»։ Չնայած ժողովրդական որոշ սովորույթներում պահպանվել են հնագույն տարրեր` Տյառնընդառաջի էությունը հեթանոսական չէ, այլ խորապես քրիստոնեական՝ կապված Քրիստոսի լույսի, օրհնության և նոր կյանքի խորհրդի հետ։