Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչներին: Պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել ԵՊԲՀ-ի փորձն ու ուսումնական ծրագրերը՝ հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով:
Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը, որը հիմնադրվել է 1851թվականին, Իրանի հնագույն և ամենահայտնի բժշկական կենտրոնն է՝ ազգային ու միջազգային մասշտաբով: Այն, լինելով երկրի ամենավարկանշային հետազոտական համալսարաններից մեկը, ընդունում է դիմումներ լավագույն բուհերի ուսանողներից: Համալսարանն իր մեջ ներառում է նաև Իրանի բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության, վերականգնողական, դաշնակից բժշկական գիտությունների, հանրային առողջության, բժշկության առաջադեմ տեխնոլոգիաների, սննդային գիտությունների և դիետիկայի, քույրական ու մանկաբարձական խոշորագույն դպրոցները, այդ թվում՝ վիրտուալ դպրոց:
ԹԲԳՀ-ի ենթակայության տակ են գտնվում ավելի քան հարյուր մասնագիտացված հետազոտական կենտրոններ, որոնք ուսումնասիրում են գիտությունն ու տեխնոլոգիան բժշկության մեջ, ռևմատոլոգիան, լսողական, մարսողական հիվանդությունները, մաշկային հիվանդություններն ու բորոտությունը, արյունաբանությունն ու ուռուցքաբանությունը, սրտանոթային հիվանդությունները, էնդոկրինոլոգիան և նյութափոխանակությունը, վերարտադրողական առողջությունը, ուրոլոգիան, իմունոլոգիան, ինչպես նաև ասթման ու ալերգիան:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ համալսարանում սովորում է 12511 ուսանող, որոնցից 794 արտասահմանցի, այստեղ դասավանդում է 1802 դասախոս:
Նշենք, որ ԵՊԲՀ այցելած Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակության կազմում են ատամնաբուժության դպրոցի միջազգային հարաբերությունների, հավատարմագրման և դասակարգման ղեկավար Մոհամմադ Հ. Նեկուֆարը, քույրական և մանկաբարձության դպրոցի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Արփի Մանուկյանը, դեղագործական դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Համիդ-Ռեզա Ադհամին, վերականգնողական դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Ազադեհ Շադմեհրը, ատամնաբուժության դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Փույան Ամինիշակիբը, այդ թվում բժշկության դպրոցի համայնքային բժշկության ամբիոն ներկայացուցիչ Ազիտա Խեիլտաշը: