Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տեսական գիտելիք և գործնական հմտություններ. վիրաբուժական խմբակն անցկացրեց միջամբիոնական կոնֆերանս

Տեսական գիտելիք և գործնական հմտություններ. վիրաբուժական խմբակն անցկացրեց միջամբիոնական կոնֆերանս

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վիրաբուժական խմբակը Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի և «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ անցկացրեց «Էնդոկրին վիրաբուժություն» թեմայով միջամբիոնական ուսանողական կոնֆերանս:

Ապագա բժիշկները հանդես եկան էնդոկրին հիվանդությունների վիրահատական բուժումների եղանականերին նվիրված զեկույցներով:

Ինչպես բացման խոսքում նշեց Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը, նման համագործակցությունն ամբիոնների և բժշկական կենտրոնների հետ նպաստում է ոչ միայն մասնագիտական զարգացման բարելավմանը, այլև նոր հնարավորությունների հարթակ է ուսանողների համար:

«Մեր նպատակն է ուսանողների մոտ սերմանել սեր և հետաքրքրություն դեպի տեսական գիտելիքն ու գործնական հմտությունները: Այս ձևաչափով սա երկրորդ կոնֆերանսն է: Առաջինը նվիրված էր բարիատրիկ վիրաբուժությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ «Վիրաբուժական» խմբակը նախորդ տարի ունեցել է 900 դիմորդ, որից 700-ը մասնակցել են աշխատանքներին:

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչի խոսքով՝ խմբակի անդմներին միավորում է սերը՝ դեպի բժշկություն, վիրաբուժություն և գործնական հմտություններ:

«Մենք ուսանողների մեջ սերմանում ենք, այն գաղափարը, որ բժշկի մասնագիտությունը տեսական գիտելիքի և գործնական հմտության համադրումն է»,- եզրափակեց նա:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հասմիկ Վարժապետյանը, որը վիրաբուժական ուսումնագիտական այս խմբակի գործունեությանը մասնակցում է 2-րդ կուրսից, նշեց՝  այսպիսի կոնֆերանսները կոտրում են կարծրատիպերն այն մասին, որ վիրաբուժությունը միայն անատոմիա պատկերացնելու վերաբերյալ է:  

«Նախ պետք է հասկանալ այն օրգանի ֆունկցիան, որի հետ աշխատում ենք, պատկերացնել օրգանիզմն ամբողջությամբ»,- ասաց ապագա բժիշկը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր վիրաբույժի համար կարևոր է նաև տեսական գիտելիքը:

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից գործող վիրաբուժական խմբակի նման ձևաչափով երկրորդ կոնֆերանսին ներկա ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր: