Ապագա ծրագրերին, նախագծերին ու անելիքներին նոր շունչ տալու ակնկալիքով՝ ԵՊԲՀ ուսանողներն ու դասախոսները հանգստյան օրերին ունեցան թիմային հետաքրքիր հանդիպում:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը համալսարանական մասնագետների, համաճարակաբանների և տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ապագա բժիշկների հետ համատեղ քննարկեցին հանրային իրազեկմանը, սոցիալական ցանցերում կարծիքի ձևավորման ազդեցությանը վերաբերող թեմաներ:
«Խելացի մարդիկ պետք է լուսավորչական գործունեություն տարածեն սոցիալական հարթակներում»,- նշեց բուհի ղեկավարը` կարևորելով այն գաղափարը, որ բժիշկները մտավորականության ողնաշարն են և բոլոր ժամանակներում իրականացնում են լուսավորչական աշխատանք:
Արտալսարանային հանդիպումն ունեցավ նաև գեղարվեստական մաս:
Ներկաների անմիջական մասնակցությամբ, ստեղծագործական մտքի թռիչքով պատրաստվեց 100-ամյա ԵՊԲՀ-ն խորհրդանշող կենտրոնական մասնաշենքի նկարը:
Համալսարանականներին բարձր տրամադրություն փոխանցեցին նաև ապագա բժիշկների երաժշտական կատարումները: Նման ձևաչափի հանդիպումները բժշկական համալսարանում դարձել են ավանդույթ և լինելու են շարունակական: