Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տյուբինգենի համալսարանը և ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» թիմը կընդլայնեն գործակցությունը կլինիկական փորձարկումների բնագավառում  

Տյուբինգենի համալսարանը և ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» թիմը կընդլայնեն գործակցությունը կլինիկական փորձարկումների բնագավառում   

Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, Գերմանիայի տարբեր էթիկական կոմիտեների անդամ, Տյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Universität für Weiterbildung Krems-ի կլինիկական հետազոտությունների մագիստրոսական ծրագրի ղեկավար Քրիստոֆ Գլայտերը տպավորված է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնով։ Նրա համոզմամբ՝ կառույցը համաշխարհային մակարդակում համեմատելի է ցանկացած այլ երկրի նմանատիպ կառույցի հետ և կիրառվող մեթոդներով կարող է նպաստել գիտության զարգացմանն ամբողջ աշխարհում:

Անցյալ տարվա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը պրոֆեսորն արդեն երկրորդ աշխատանքային այցով Հայաստանում էր: Այցի նպատակներից մեկն Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի Գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի կլինիկական հետազոտությունների համակարգման և համապատասխան բաժնի փաստաթղթերի ադապտացման աշխատանքներին աջակցելն էր, ինչպես նաև փորձի փոխանակումը:

Գերմանացի պրոֆեսորի հետ խոսել ենք փոխգործակցության ոլորտների, դրա արդյունքների և հեռանկարների մասին․

Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը բժշկական համալսարանի հետ։

– Համագործակցությունը սկսվեց 2023 թվականի հունվարին՝ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» թիմի այցով Տյուբինգենի համալսարան: Սկսեցինք առաջին քննարկումները համալսարանական հիվանդանոցներում կլինիկական փորձարկումների ավելացման, դրանք համակարգող բաժին զարգացնելու քայլերի և այդ ուղղությամբ հիմնական աշխատանքների վերաբերյալ: Ապա ապրիլին ես եկա Հայաստան․ մենք ունեցանք շատ ինտենսիվ և արդյունավետ շաբաթ։

Ինչպե՞ս կբնութագրեք համագործակցության մակարդակը և որո՞նք են փոխգործակցության հիմնական ոլորտները։

– Սա հիանալի համագործակցություն է, քանի որ մենք կարող ենք ամեն ինչ ազատ քննարկել և լավ արձագանք ստանալ։ Հուսով եմ՝ հաջորդ այցիս ժամանակ կտեսնեմ, որ կլինիկական փորձարկումների գրասենյակն արդեն ունի առաջին արդյունքները:

Նախատեսում ենք հավատարմագրված դասընթացներ անցկացնել կլինիկական փորձարկումներով հետաքրքրված բժիշկների, հետազոտողների համար: Մասնագիտական ​​հմտությունները բարձրացնելու նպատակով Էթիկայի հանձնաժողովի անդամների համար ևս կանցկացվեն դասընթացներ: Մեր հիմնական նպատակներից մեկը կլինի ԵՊԲՀ-ում կլինիկական հետազոտությունների համակարգման միավորներ ստեղծելը, ինչը հնարավորություն կընձեռի հետազոտողներին ավելի շատ ներգրավվել կլինիկական հետազոտություններում:

– Պրոֆեսոր, ո՞րն է Ձեր այժմյան հետաքրքրությունների ոլորտը։

– Ընդհանուր բժշկական կրթություն ստանալուց հետո ես մասնագիտացա կլինիկական ֆարմակոլոգիայում: Սա իմ ներկայիս մասնագիտությունն է: Այնուհետև կլինիկական ֆարմակոլոգիայից քայլ կատարեցի դեպի կլինիկական փորձարկումներ՝ երկար տարիներ աշխատելով Եվրոպայում դրանց հետազոտական ​​միջավայրի զարգացման ուղղությամբ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա գործընկերներին:

– Պարզապես փորձեք հասկանալ կլինիկական գործընթացները: Դա հեշտ չէ, քանի որ այս գործընթացներն իսկապես բարդացել են։ Դուք պետք է հոգեբանական, գիտական և իրավական առումներով ինտեգրվեք՝ ներգրավելով ավելի շատ միջազգային և տեղական ուղեցույցներ: Անհրաժեշտ է լավ կառուցվածքային հիմք ունենալ կլինիկական փորձարկումների համար, որոնք պահանջում են բժշկական գիտելիք և գիտական ​​մոտեցում:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

Լուսանկարները՝ Մարի Գալստյանի