Հոկտեմբերի 6-ը Ուղեղային կաթվածի համաշխարհային օրն է: Օրվա խորհուրդը նշված հիվանդությամբ ապրող անձանց աջակցելն ու ընդունելն է` որպես բազմազան հասարակության լիարժեք ներկայացուցիչներ: Օրը նաև կրում է բոլորի համար ավելի ներառական միջավայր ստեղծելու առաքելությունը:
Ուղեղային կաթվածի համաշխարհային օրը միջազգային գլոբալ շարժում է, որը սկսվել է 2012 թվականին: Այն նպատակ ունի համախմբել ուղեղային կաթվածով ապրող մարդկանց, նրանց ընտանիքներին, աջակիցներին և կազմակերպություններին ավելի քան 100 երկրներից:
Ամբողջ աշխարհում ավելի քան 17 միլիոն մարդ ապրում է ուղեղային կաթվածով: Եվս 350 միլիոն մարդ սերտորեն կապված է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների կամ մեծահասակների հետ և կան նաև միլիոնավոր պատճառներ, որպեսզի բոլորս բարձրաձայնենք ուղեղային կաթվածի, հատկապես դեռահասների մոտ հիվանդության առկայության մասին և լինենք տեղեկացված:
Ուղեղային կաթվածն ազդում է շարժման և կեցվածքի վրա: Ուղեղային կաթված ունեցող շատ մարդիկ ունեն տեսողության, լսողության, հաղորդակցության և շարժունակության հետ կապված խնդիրներ: Դրա հետևանքները կարող են տատանվել՝ մի ձեռքի թուլությունից մինչև կամայականորեն շարժվելու ունակության գրեթե լիակատար բացակայություն: Այն հաշմանդամության բարդ ձև է:
Համաշխարհային վիճակագրության համաձայն, ամբողջ աշխարհում ծնված յուրաքանչյուր 500 երեխայից մեկի մոտ առկա է ուղեղային կաթված կոչվող հիվանդությունը: