Բժշկական մայր բուհում մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքը, որի շրջանակում ոլորտի մասնագետները անդրադարձ են կատարելու բազմաթիվ հիվանդությունների՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց մասին տեղեկացվածությունը, ստեղծել համագործակցության, գիտելիքի փոխանակման և ներգրավվածության հարթակ։
Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման շրջանակում դասախոսությսւններից զատ այցելություններ են կատարվում նաև դպրոցներ, զարգացման կենտրոններ, ծերերի խնամքի կենտրոն՝ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Միջոցառմանը ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, ուսանողներ, բժշկագիտությամբ հետաքրքրված այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը՝ կարևորելով միջոցառման անցկացումը:
«Բոլորիդ շնորհավորում եմ, երրորդ տարին անընդմեջ դուք կարողանում եք եվրոպական մակարդակի մրցույթում հաղթել և բառի բուն իմաստով ուղեղի ճանաչման շաբաթը բերել Հայաստան, բժշկական համալսարան: Մենք հպարտանում ենք ձեզնով: Այս օրերի ընթացքում խոսելու ենք ուղեղի տարբեր ասպեկտների մասին, միասնաբար լուծելու ուղեղի փազլը՝ լինի էպիլեպսիա, պարկինսոնի հիվանդություն, թե այցհեյմեր, նյարդազարգացման հիվանդությունների շարքին դասվող աուտիզմ, ճանաչելու ենք բոլորս միասին և փորձելու ենք որոշակի լուծումներ տալ»,-նշեց պրոռեկտորը՝ շեշտելով, որ միջոցառումը կարևոր է գիտության զարգացման մեջ։