«Ուղղակի մի՛ նայիր, այլ տե՛ս». լուսանկարների ցուցահանդես Օտար լեզուների ամբիոնում

«Ուղղակի մի՛ նայիր, այլ տե՛ս». լուսանկարների ցուցահանդես Օտար լեզուների ամբիոնում

Բժշկական բուհի Օտար լեզուների ամբիոնը՝ դասախոս Քրիստինա Մաթևոսյանի նախաձեռնությամբ և ուսանողների ակտիվ մասնակցությամբ, կազմակերպել է հեռախոսով արված լուսանկարների ցուցահանդես «Ուղղակի մի՛ նայիր, այլ տե՛ս» (“Don’t just look, see”) խորագրով:

Անգլերեն լեզվի մասնագետ Քրիստինա Մաթևոսյանը խոստովանում է, որ շատ վաղուց է հետաքրքրվում լուսանկարչությամբ՝ սիրողական մակարդակով և հիմնականում՝ հեռախոսով: «Որոշեցի ներառել նաև ուսանողներին: Պարզվեց, որ շատերն են ընդունակ տեսնելու հրաշք տեսարաններ և ճիշտ պահը որսալու: Բազմաթիվ ուսանողներ հետաքրքրությամբ մասնակցեցին ցուցահանդեսին՝ ուղարկելով իրենց նկարները: Ստացվեց մոտ 90 լուսանկար», – պատմում է դասախոսը: 

Նախաձեռնության նպատակն, ըստ նրա, այն էր, որ ուսանողները տեսնեն, նկատեն, զգան: «Նայում են բոլորը, բայց տեսնում են քչերը: Շատ կարևոր է գնահատել էսթետիկ գեղեցկությունը, հատկապես՝ բժշկի համար: Կարծում եմ՝ մեզ մոտ ստացվեց», – ասում է Քրիստինա Մաթևոսյանը՝ ավելացնելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական  են լինելու. հետագայում, միգուցե, ընտրվի թեմատիկա և ցուցահանդեսը վերածվի մրցույթի:

Օտար լեզուների ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ դատարկ պատերը գունավորվեցին ուսանողների գեղեցիկ լուսանկարներով: «Ցուցահանդեսի շնորհիվ ուսանողները կկարողանան նաև ինչ-որ առումով դուրս գալ քննաշրջանի լարվածությունից: Դասախոս-ուսանող կապը ևս այլ ձևով կդրսևորվի, ինչը նույնպես շատ կարևոր է», – ավելացնում է նա:

Ի դեպ, Քրիստինա Մաթևոսյանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին ԵՊԲՀ սփյուռքահայ և օտարերկրացի ուսանողները գնացքով կուղևորվեն Գյումրի՝ ծանոթանալու հայկական հարուստ մշակույթի հուշարձաններին և զգալու հայկական շունչը: