Ուսանողական նստարանին՝ 25 տարի անց. շրջանավարտների հոբելյանական հանդիպումը բժշկական բուհում

Ուսանողական նստարանին՝ 25 տարի անց. շրջանավարտների հոբելյանական հանդիպումը բժշկական բուհում

Բժշկական համալսարանի առաջին լսարանում ավանդույթ դարձած և սպասված հանդիպում էր. ուսանողական նստարանին 25 տարի առաջ բուհն ավարտած, արդեն կայացած բժիշկներն են, որոնց միավորում է ոչ միայն բժշկի կոչումը, այլև ջերմ ու բարի հիշողությունները: Սա առիթ է ոչ թե հոբելյան նշելու, այլ ուղղակի իրենց անցած ուղին  վերհիշելու, որի հիմքը դրվել է հենց այստեղ՝ ԵՊԲՀ-ում։

Արդեն 25 տարի է անցել այն օրվանից, երբ վերջին անգամ որպես ուսանող դուրս եկան Երևանի պետական բժշկական համալսարանից։

Նրանցից յուրաքանչյուրը կառուցել է իր ճանապարհը՝ հաղթահարելով փորձություններ, նվաճելով մասնագիտական բարձունքներ և ստեղծելով կյանքի իր պատմությունը։

Ներկաներին ողջունեց ԵՊԲՀ շրջանավարտ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Չերքեզյանը՝ շնորհավորելով 25-ամյակի կապակցությամբ։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց հատկապես պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին, որոնք դեռևս 30 տարի առաջ դասավանդել են իրենց։

«Մեր կայացման հիմքում այս համալսարան է, պրոֆեսորադասախոսական կազմը»,-ևս մեկ անգամ շեշտեց նա՝ ներկա դասախոսներին հանձնելով անվանական նվերներ։

Նախկին ուսանողներին ջերմ խոսքեր հղեց ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը։ «Դուք ոչ թե հյուր եք, այլ մի քանի ակնթարթով տուն վերադարձածներ, որոնց այստեղ միշտ սպասում են։ Ձեր փորձով ինքներդ եք համոզվել, որ ընտրած մասնագիտությունը լոկ աշխատանք չէ, այլ առաքելություն»,- ասաց նա՝ հավելելով, որ բարձրագույն ուսումնական հաստատության որակի գնահատման գլխավոր ցուցանիշը շրջանավարտներն են իրենց հաջողության պատմություններով, ձեռքբերումներով, որոնց չափանիշը փրկված կյանքերն են։

Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ Մագդալինա Մելքոնյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր դասախոս իրեն երջանիկ է զգում, երբ տարիներ հետո տեսնում է կայացած բժիշկներ, որոնց վստահում ու սիրում են։

«Առաջին լսարանում հավաքվելը կարևոր խորհուրդ ունի. այն չի փոխվել այն օրվանից ի վեր, երբ դուք առաջին անգամ մուտք գործեցիք բուհ։ Այստեղ հավաքվելու գաղափարն ավելի շատ է նպաստում վերհիշել այն վայրկյանները, որոնք անցել են ուսանողական նստարանին»,- ասաց պրոֆեսոր Մելքոնյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօրվա հանդիպումը նորանոր հաջողությունների սկիզբ կլինի։

25 տարի առաջ ավարտած շրջանավարտների հանդիպումը շարունակվեց համալսարանի բժշկության պատմության թանգարանում, որտեղ նրանք շրջայց կատարեցին, ծանոթացան ցուցանմուշներին։

Ամեն տարի անցկացվող՝ ավանդույթ դարձած, տարբեր տարիների շրջանավարտների հանդիպումները հիանալի առիթ են վերապրելու ուսանողական տարիների լավագույն հիշողությունները, տեսնելու դասախոսներին ու համակուրսեցիներին, կիսվելու մասնագիտական փորձով ու անձնական պատմություններով, ինչպես նաև ջերմ մթնոլորտում լինելու երբեմնի հարազատ պատերի ներսում։