Սեպտեմբերից Լիաննա Եղիազարյանը կշարունակի ուսումնառությունը Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Մանկուց ունեցած երազանքը՝ բժիշկ դառնալ, տարիների ընթացքում վերածվել է գիտակցված և հաստատուն ընտրության։ Մարդկանց օգնելու ձգտումը ժամանակի ընթացքում միայն ուժգնացել է՝ հենվելով գիտելիք ձեռք բերելու և մասնագիտական կայացման ճանապարհին։
«Մեր ընտանիքում բժիշկներ չկան։ Ես ոգեշնչվում էի ֆիլմերի և գրքերի հերոսներից։ Առանձնահատուկ ուշադրությամբ էի հետևում այն տեսարաններին, որոնք կապված էին բժշկության հետ։ Բժշկությունը սրտի և մտքի միաձուլումն է, մարդասիրության բարձրագույն դրսևորումը։ Դա այն ուղին է, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է փրկել կյանք։ Այս ճանապարհը շատ դժվար կլիներ առանց կողքիս կանգնած մարդկանց, առանց նրանց, ովքեր սիրում, հավատում և վստահում են ինձ։ Ընկերներս, ուսուցիչներս, դասախոսներս, ծնողներս՝ ովքեր քննությունների ժամանակ իմ կողքին են՝ նույն սթրեսն ապրելով, իմ ամենամեծ աջակցությունն ու մոտիվացիան են։ Ես խորապես երախտապարտ եմ նրանց», – նշում է բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողուհին, ում պատկերացմամբ բժիշկը նախ և առաջ պետք է լինի մարդասեր, կարեկցող ու համբերատար։ Նա պետք է կարողանա լսել, հասկանալ, վստահություն ներշնչել։ Երբեմն վստահություն ներշնչող խոսքը կարող է ավելի ուժեղ ազդեցություն ունենալ, քան ցանկացած դեղամիջոց։
Ապագայում Լիաննան ցանկանում է մասնագիտական փորձ ձեռք բերել Գերմանիայում՝ հիմնվելով ժամանակակից բժշկական մոտեցումների և առաջատար փորձի վրա։ Սակայն, ինչպես ինքն է ընդգծում, այս ամենը միայն մեկ նպատակ ունի՝ վերադառնալ հայրենիք ու կիրառել գիտելիքը հայրենի առողջապահության համակարգի զարգացման համար։
«Իմ ամենամեծ երազանքն է լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը ոչ միայն կբուժի մարդկանց, այլև կներդնի ուժ ու փորձ՝ բարելավելու մեր առողջապահական համակարգը։ Ես հավատում եմ դրան», – ընդգծում է ապագա բժիշկը։
Նպատակասլաց, մարդասեր ու բարձր առաջադիմությամբ ուսանողները ԵՊԲՀ-ի հպարտությունն են։ Նրանց շնորհիվ համալսարանն ամրապնդում է իր դիրքը որպես համաշխարհային գիտական ու մասնագիտական կրթության հուսալի հարթակ՝ շարունակաբար ապահովելով առողջապահության ոլորտի որակյալ կադրեր՝ ապագայի վստահությամբ։