Ուսումնական գործընթացի բարելավման ի՞նչ ճանապարհ ենք անցել. պրոռեկտորի հաշվետվությունը

Ուսումնական գործընթացի բարելավման ի՞նչ ճանապարհ ենք անցել. պրոռեկտորի հաշվետվությունը

Գիտական խորհրդի նիստ անցկացվեց հոկտեմբերի 29-ին: Կրթական ծրագրերի հավատարմագրման գծով փորձագետ Կոնստանտին Չոկորայային շնորհակալագիր հանձնելու վերաբերյալ օրակարգի առաջին հարցը ներկայացրեց ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը:

«Մեր գործընկերոջը, ով միջազգային փորձագետ է, 2023 թվականից մինչև օրս աշխատում է մեզ հետ և մեծ ավանդ է ունեցել «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացում որպես միջազգային արտաքին փորձագետ, ռեկտոր պրոֆեսոր Արմեն Մուրադյանի որոշմամբ, ԵՊԲՀ միջազգայնացման աշխատանքների առաջխաղացման, կրթության որակի բարձրացման գործում ցուցաբերած անձնուրաց նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և ակնառու ներդրման համար հայտարարվում է շնորհակալություն»,- ասաց Խաչատուր Մարգարյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հավելեց.

«Մենք  միասին աշխատում ենք շուրջ երեք տարի և այս տարիների ընթացքում բժշկական համալսարանի հաջողությունները ակնառու են, մասնավորապես մեր գործընկերն ամբողջ հավատարմագրման գործընթացի առանցքային իրականացնողներից է:  Կարծում եմ, վաղուց հասունացել է նրան շնորհակալություն հայտնելու պահը»:

Հայ կոլեգաներին հայերեն դիմեց պարգևատրվողը` Կոնստանտին Չոկորայան:  

«Ինձ համար մեծ պատիվ է շնորհակալագիր ստանալ Երևանի պետական բժշկական համալսարանից, ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել ռեկտոր Մուրադյանին, պրոռեկտորներ Լարիսա Ավետիսյանին և Երվանդ Սահակյանին` աջակցության, պրոֆեսիոնալիզմի, բարի վերաբերմունքի համար: Շատ հաճելի է աշխատել ձեզ հետ,  ես, իսկապես, զգում եմ ինձ ձեր թիմի մասը: Հայաստանն ինձ համար առանձնահատուկ երկիր է մշակույթով և կրթությամբ: Մենք միասին շատ բան ենք արել բժշկական կրթության զարգացման և ուսումնական ծրագրերի հավատարմագրման համար»: 

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 6 աշակերտ այս տարվա հունիսի 27-ից 30-ը Ինդոնեզիայի Դենպասար քաղաքում մասնակցել է կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին: 

Ավագ դպրոցի թիմը նվաճել է 5 ոսկե, 1 արծաթե մեդալ, իսկ մեկ աշակերտ օլիմպիադայի գլխավոր մրցանակը: Թիմի կազմում ընդգրկված էր նաև ԵՊԲՀ քոլեջի երկրորդ կուրսի ուսանող, ով արժանացել է բրոնզե մեդալի:

Նիստին ներկա հաղթանակած աշակերտներին շնորհավորեց Արմեն Մուրադյանը, իսկ դպրոցի տնօրեն Նարիեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բուհին մշտական աջակցության և դպրոցականների միջազգային հաջողությունները խրախուսելու համար:

Գիտական խորհրդի հաստատմամբ` ԵՊԲՀ-ն այս ուսումնական տարում ունի տարբեր ֆակուլտետներից 12 անվանական կրթաթոշակառու:

Նրանց հանդիսավորությամբ բեմ հրավիրելով` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մեծ հաջողություններ մաղթեց` ի նպաստ կրթօջախի միջազգային փառքի:

«2024-2025 ԵՊԲՀ բազային կրթական ծրագրերի հավատարմագրման շրջանակում ուսումնական գործընթացում իրականացված և իրականացվելիք գործողությունների բնութագիրը» զեկույցում ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց իր տարեկան հաշվետվությունը: 

«Բժշկագիտության սրընթաց առաջընթացով պայմանավորված՝ բժշկական կրթությունը նույնպես ենթարկվում է դինամիկ փոփոխության՝ դրանից բխող բոլոր խնդիրներով, ռիսկերի գնահատմամբ և անհրաժեշտ լուծումների առաջարկմամբ: Այս պայմաններում ակադեմիական ծանր շարժվող մեքենայի և վերը թվարկած իրականության միջև հաճախ առաջանում է ճեղքվածք, ինչի հարթումը հնարավոր է միայն և միայն կրթության կազմակերպման նորագույն գործիքակազմերի և նոր մեթոդաբանության կիրառման միջոցով: Այս իմաստով համալսարանի վերջին 5 տարին դարձան այդ գործիքակազմերի և մեթոդաբանության փոփոխման արդյունավետ տարիներ, ինչի արդյունքում 2 տարի առաջ հավատարմագրվեց «Բուժական գործ» կրթական ծրագիրը, իսկ «Ստոմատոլոգիա» և «Ֆարմացիա» կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման համար 2026թ. վերջին դիմելու ենք Հայաստանի և արտերկրի հավատարմագրման կառույցներին, իսկ ենթակառուցվածքային հավատարմագրման համար՝ ՀՀ ՈԱԿ-ին»,- նշեց Լարիսա Ավետիսյանը` ներկայացնելով, թե ի՞նչ ճանապարհ ենք անցել՝ ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված նոր գործիքների և մեթոդաբանության կիրառման առումով, ի՞նչ խնդիրներ պետք է լուծենք և ինչպե՞ս:

Ինչպես հայտնի է, 2024թ. փետրվարին «Բուժական գործ» կրթական ծրագիրը հավատարմագրվեց 7 տարի առավելագույն ժամկետով՝ դրանից որպես պարտադիր պայման հետևող առաջարկություններով ու դատողություններով, որոնց կատարման համար 2024թ. մարտին (հավատարմագրումից 1 ամիս անց) Գիտական խորհրդում հաստատվեց «Բուժական գործ» կրթական ծրագրի մոնիթորինգի գործողությունների պլան-ժամանակացույցը:

Այն զեկուցողի փոխանցմամբ՝ շատ լայնածավալ էր, որովհետև ընդգրկում էր ինչպես բուն կրթական ծրագրի փոփոխությունները, այնպես էլ այդ գործընթացն ապահովող ենթակառուցվածքների լավարկումը: Կարևորվել է նաև 2-րդ բաղադրիչը, որովհետև, այս տարվա դեկտեմբերին, 2 կրթական ծրագրի հավատարմագրմանը զուգահեռ, դիմելու ենք նաև համալսարանի ենթակառուցվածքային (ինստիտուցիոնալ) հավատարմագրման, որովհետև ավարտվում է նախկին  հավատարմագրման 6-րդ տարին:

Այսինքն 2026թ.-ին ԵՊԲՀ-ն իրականացնելու է 3 հավատարմագրման և 1 մոնիթորինգի գործընթաց:

Նշենք, որ այս ուսումնական տարվանից «Ստոմատոլոգիա» և «Ֆարմացիա» կրթական ծրագրերի 1-ին կուրս ընդունված ուսանողներն արդեն ուսումնառում են գիտխորհրդի կողմից հաստատված այն նոր ուսումնական պլաններով, որը ներկայացվելու է հավատարմագրման գործընթացում:

«Սակայն անելիքները 3 կրթական ծրագրի դեպքում էլ դեռևս շատ են, հատկապես մոդուլային կառուցվածքներում առանձին փուլերի ՝ նախակլինիկական և կլինիկական մասերի միջև կապերի ներդաշնակության, ինտեգրման և մշտադիտարկման տեսանկյունից»,- նկատեց պրոռեկտորը` հանգամանալից խոսելով կատարվող բարեփոխումների, առկա խնդիրների ու անելիքների մասին:

Շարունակում է արդի մնալ ներքին շահակիցների կարծիքների հիման վրա փոփոխություններ անելու գործիքների լայն օգտագործումը: Դրանցից մեկը հայտնի «ԴՈՒԱ»-ն է, որի օգտագործումը աշխարհի բոլոր համալսարաններում պարտադիր պայման է.

«Վերջին 20 տարում մենք էլ ենք այն օգտագործում՝ ժամանակի ընթացքում անընդհատ բարելավելով այն: Այսօր էլ, կապված դասավանդման մոդուլային ձևաչափի հետ, անհրաժեշտություն կա «ԴՈՒԱ»-ի ձևաթերթի հերթական վերանայմանը:

Ավելին. «ԴՈՒԱ»-ի արդյունքների օգտագործումը անհրաժեշտ է էլ ավելի արդյունավետ դարձնել՝ ամբիոններում, գիտխորհուրդներում դրանց մանրամասն վերլուծությունների և դրա արդյունքում բարելավումների հստակ առաջարկությունների ներկայացմամբ»,- ասաց նա։

Ընդհանուր առմամբ «ԴՈՒԱ»-ի անանուն հարցմանը մասնակացում է ուսանողների՝ միջինում  51%-ը (ինչը բավական բարձր ցուցանիշ է): Նրանց կողմից վերջին կիսամյակում գնահատված ամբիոնների միայն 1,8%-ն է (նախորդի 2,9%-ի դիմաց) ստացել 3,5-ից ցածր գնահատական, իսկ դասախոսների միայն 2,8%-ի (անցյալ տարվա 3,7%-ի դիմաց) գործունեությունն է տարվա կտրվածքով գնահատվել ոչ բավարար:

Սրանք բարելավված ցուցանիշներ են, նկատեց պրոռեկտորը, սակայն դեկանատները պետք է շարունակեն այս ուղղությամբ աշխատանքները ուսանողների և ամբիոնների հետ՝ արագ արձագանքելով երկտեղ բարձրացված հարցերին՝ դրանց վերաբերյալ լուծումների առաջադրմամբ:

Համալսարանի ուսումնական ենթակառուցվածքներից մեկի՝ քոլեջի մասին Լարիսա Ավետիսյանը  խոսեց թվերով:

Վերջին հնգամյակում քոլեջի ուսանողների թիվն ավելացել է շուրջ 4 անգամ: Շուկայի ուսումնասիրության արդյունքում 3 տարի առաջ ներդրված նոր մասնագիտությանը («Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա») գումարվեց ևս մեկը՝ «Ստոմատոլոգի օգնական»-ը, որի փորձարկումը կավարտվի այս ուսումնական տարում,  որը որպես հիմնական մասնագիտություն, կընդգրկվի մասնագիտությունների ցանկում:

Նկատենք, որ միայն վերջին 2 տարիների ընթացքում քոլեջի դասավանդողների կողմից հրատարակվել են 6 ուսումնական ձեռնարկ, ինչն էականորեն բարելավել է դասավանդման որակը:

Ուրախությամբ  արձանագրվեց, որ այսօր արդեն էլեկտրոնային համալսարանն իրականություն է, ավելին՝ 2025թ. գարնանը մշտադիտարկմանը հետևող փորձագիտական խմբի ներկայացուցիչները հաճելիորեն զարմացել էին այս ուղղությամբ այն ձեռքբերումներով, որին համալսարանը կարողացել էր հասնել կարճ ժամանակահատվածում:

«Ճիշտ է, ուսանողների և դասախոսների համար այն դեռևս մշակույթ չի դարձել, սակայն առաջիկա մեկ տարում առանց այս գործիքի ամենօրյա կիրառման, աշխատելը գրեթե անհնար կլինի: Այս իմաստով, աշխատանքների ամբողջական կարգավորման համար մշակվել և հաստատվել են էլեկտրոնային համալսարանի քաղաքականության պատասխանատուների գործառույթները, և ստեղծվել է այդ աշխատանքները կարգավորող հանձնաժողով»,-շեշտեց նիստի հիմնական զեկուցողը:

Վերջին տարիներին՝ 2018թ.-ից սկսած, ուսումնական պրոցեսի և հատկապես դրա գործնական հմտությունների լավարկման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ծախսերը մի քանի անգամ ավելացել են:

2025թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ ուսումնական ողջ գործընթացն իրականացվում է 1166 դասախոսի և ուսումնաօժանդակ անձնակազմի միջոցով: Նրանց 85,8%-ը հիմնական աշխատողներն են իսկ 8,1%-ը՝ հրավիրված դասախոսները: 70 ամբիոն ղեկավարվում է համապատասխան թվով ամբիոնի վարիչների կողմից, պրոֆեսորի պաշտոնում աշխատում է 64, դոցենտի պաշտոնում՝ 204 աշխատակից:

Հաշվետու 2024-2025 ուստարում համալսարանում սովորել է 5722 ուսանող, որի կեսից ավելին՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում (52,8%)։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ամփոփիչ քննությունների ավարտին Համալսարանի որակի կենտրոնը շրջանավարտների շրջանում (վերջին քննությունից հետո) հարցումներ է անցկացնում ոչ միայն ամփոփիչ քննության ձևաչափի և անցկացման որակի, այլև 5-6 տարվա ընթացքում նրանց ստացած կրթական պրոցեսի մասին:

Անցյալ տարի հարցմանը մասնակցել է շրջանավարտների կեսից ավելին, որոնց 78%-ը օբյեկտիվ և խիստ օբյեկտիվ է գնահատել քննությունների ընթացքը, 30%-ը գտել է, որ քննությանը պատրաստվելու ժամանակահատվածը կարճ է եղել, 20%-ը բողոքել է գրականությունից, 7%-ը՝ կազմված հարցաշարերից և այլն:

2025թ. մայիսին, ինչպես որոշվել էր անցած տարի Գիտական խորհրդում, 10 տարի ընդմիջումից հետո կազմակերպվեց ուսումնամեթոդական կոնֆերանս:

Համառոտ Լարիսա Ավետիսյանը խոսեց վերջին 5 տարվա ընթացքում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների մասին:

1․Բոլոր կրթական ծրագրերում

  • ներդրվել է ուսուցման և գնահատման բազմաբաղադրիչ համակարգը (20/80%-ից մինչև 50/50% փոխհարաբերությամբ)
  • իրականացվել է ուղղահայաց, հորիզոնական և սպիրալաձև ինտեգրում՝ մոդուլային ձևաչափի կիրառմամբ
  • ուսումնական պրոցեսում ներդրվել է հետազոտական բաղադրիչը
  • 2 կրթական ծրագրերի ամփոփիչ ավարտական քննություններում կիրառվել է OSCE ձևաչափը
  • կլինիկական 9 ամբիոններում իրականացվել է արհեստական բանականության կիրառմամբ Doctor Lex ծրագիրը
  • մշակվել և վերամշակվել են ուսումնական պրոցեսի կանոնակարգմանն ուղղված բազմաթիվ կարգեր, ընթացակարգեր ու գործառույթներ
  • 3 կրթական ծրագրերում ներդրվել են էլեկտիվ առարկաներ
  1. Մշակվել է «Էլեկտրոնային համալսարան» ծրագիրը և ամբողջապես ներդրվել ուսումնական գործընթացում
  2. Մշակվել և ներդրվել են կրթության որակի բարձրացմանն ուղղված ներքին և արտաքին շահակիցների հետ աշխատանքների մեխանիզմներ, իրականացվել է այդ մեխանիզմների միջոցով իրականացված բազմաթիվ հետազոտությունների վերլուծություն

Վերը թվարկվածի արդյունքում.

  • Միջազգային հավատարմագրում է ստացել «Բուժական գործ» կրթական ծրագիրը
  • Ավարտվում է «Ստոմատոլոգիա» և «Ֆարմացիա» կրթական ծրագրերի և ենթակառուցվածքային հավատարմագրման ինքնավերլուծության գործընթացը, և պատրաստվում է միջազգային և տեղական հավատարմագրումների հայտերի ներկայացումը։

 2025-2026թթ. անելիքներին ևս անդրադարձ կատարվեց։

Ելնելով ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից ՝ անհրաժեշտ է

  1. Վերանայել ուսումնական պրոցեսի իրականացումն ապահովող և կանոնակարգող բոլոր կարգերն ու ընթացակարգերը՝ դրանք համահունչ դարձնելով կրթության նոր օրենքի պահանջներին
  2. Կազմել կադրային փոփոխությունների տեսլականը՝ ապահովելու համար սերնդափոխության սահուն ընթացքը
  3. Վերանայել բոլոր կրթական ծրագրերի վարձավճարները՝ ինքնարժեքի և ծրագրերի արմատական բարելավման հաշվարկների հիմնավորմամբ
  4. Վերանայել ընդունելության տեղերի բաշխումը՝ նոր լիցենզիոն տեղերի հաշվառմամբ՝ բոլոր, այդ թվում նաև «Ստոմատոլոգիա» և «Ֆարմացիա» կրթական ծրագրերում արտասհմանցի ուսանողների թվի ավելացմամբ
  5. Ավարտել բոլոր կրթական ծրագրերի և ենթակառուցվածքային հավատարմագրումների գործընթացները:

Ծավալուն ելույթը, խոսքը պրոֆեսոր Ավետիսյանն ավարտեց իր համար սկզբունքային նշանակություն ունեցող խոսքերով՝ հասցեական դիմելով բուհում կրթության բոլոր պատասխանատուներին․

«Ներկայացված մարտահրավերների և խնդիրների հաղթահարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ուսումնական պրոցեսի իրականացման թիվ մեկ պատասխանատու օղակը՝ ամբիոնը, ոչ միայն ցուցաբերի պատասխանատվություն, այլև անմիջական մասնակիցը դառնա կրթական բարեփոխումների քաղաքականության մշակման, ներդրման և գնահատման գործընթացին»:

Պրոռեկտորին հարցեր հղեցին ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։

2025թ․ հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կարևոր, հաճախ քննարկվող կետերի մասին պարզաբանումներ տվեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:

Հաջորդիվ, հաստատվեց Հանրային առողջության ֆակուլտետի «Բուժհաստատությունների  կառավարում» կրթական  ծրագրի 2025-2026 ուստարվա ԵՊԲՀ-ի կողմից առաջադրված երկու մասնակցի ուսման վճարի զեղչի  հարցը։ 

Ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը նկատեց, որ կրթական ծրագիրն այս տարի ունեցել է աննախադեպ դիմելիություն: Սա «Մենեջմենթ Միքս» կազմակերպության հետ բուհի շուրջ ութ տարվա արդյունավետ գործակցության  արդյունքն է:

Ուսումնական գրականության տպագրության երաշխավորություն տրվեց երեք դասագրքի: Հեղինակներին հրատարակության բովանդակությանը վերաբերող հարցեր հղվեցին։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում դասախոսներ Բենիամին Բադալյանը և Ռուզաննա Հանիսյանը ստացան երաշխավորություն` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից դոցենտի կոչման շնորհման համար: