Բժշկական համալսարանի գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնի ստեղծումը կարևոր և անհրաժեշտ քայլ էր, որի նշանակությունն ու արդյունքը տեսանելի է այսօր` արդեն 10 տարի անց:
Տասնամյա հոբելյանի առիթով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում, որտեղ վերջին տարիներին տեղակայված է կենտրոնը, մեկնարկեց «Սիմուլյացիոն ուսուցումը բժշկության մեջ» խորագրով հավաստագրված գիտաժողովը:
Շնորհակալություն հայտնելով արտերկրի հյուրերին, մասնակիցներին շնորհավորանքների համար` Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2014 թվականին մեկնարկած ու արդեն տասնամյակի պատմություն ունեցող գործակցությունը կլինի շարունակական:
«Սիմուլյացիոն կենտրոնները բուռն զարգացում են ապրում ամբողջ աշխարհում: 10 տարի առաջ մեր հանրապետությունում ստեղծվեց այդպիսի կենտրոն: Այս տարիների ընթացքում մենք անընդհատ ունենում ենք առաջընթաց: Ուսանողների համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները, նրանք բոլոր մանիպուլյացիաները սովորում են սիմուլյատրների վրա այլ ոչ թե պացիենտների, այն հնարավորություն է տալիս բազմակի անգամ փորձել նույն գործողությունը»,-նշեց Սուրեն Հովհաննիսյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ շեշտեց, որ սիմուլյացիոն կենտրոններն անհրաժեշտ հարթակներ են զարգացող բժշկագիտության, մասնավորապես կրթության ոլորտում, որոնք թույլ են տալիս, պահպանելով իրավական նորմերը, իրավունքները ժամանակակից կրթություն ստանալ, ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան ինչպես քննություն, այնպես էլ դրա որակական ցուցանիշները. «Եվ ուսուցումը, և քննությունը կարող են հանդիսանալ յուրաքանչյուր համալսարանի այցեքարտ: Ես ուրախ եմ, որ սիմուլյացիոն կենտրոնը, որը գործում է համալսարանական հիվանդանոցում, նշում է իր 10-ամյակը: Սա նշանակում է, որ 10 տարի մենք ճիշտ ճանապարհով կարողացել ենք զարգացնել համալսարանական ամբողջ ձևաչափը և բժշկական կրթությունը: Բժշկական համալսարանն իր զարգացումներում փորձում է մնալ միջազգային ստանդարտների շրջանակում, մեր պատկերացումները շատ հստակ են, զարգացումների տեղ միշտ կա»:
Ռեկտորն առանձնակի կարևորեց համալսարանական սիմուլյացիոն ստորաբաժանման դերը 2023 թվականի մայիսից բուհում արդեն ներդրված OSCE` (Objective Structural Clinical Exams – Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության) պետական ավարտական քննության գործնական հմտությունների ատեստավորման անցկացման ձևաչափի, այստեղ գործող OSCE քննական կենտրոնի գործունեության տեսակետից:
Բժշկության սիմուլյացիոն կրթության ռուսական միության (РОСОМЕД) մասնագետ Ալեքսանդր Չինդյասովը շնորհավորեց Սիմուլյացիոն կենտրոնի 10-ամյակը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
«Տասը տարվա ընթացքում մենք դժվարին ուղի անցանք միասին, հուսով եմ՝ այն կշարունակվի նաև հետագայում։ 10 տարի առաջ մենք այստեղ էինք, օգնում էինք ձեզ ստեղծել այս կենտրոնը։ Այս ժամանակահատվածում դուք հսկայական քայլեր եք արել։ Սա տարածաշրջանի լավագույն կենտրոններից է», – ընդգծեց նա՝ հավելելով, որ կենտրոնի աշխատակիցները մասնակցում են միջազգային համագումարներին և համաժողովներին։
Անդիժանի պետական բժշկական ինստիտուտի սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ղեկավար, վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ումիջոն Ուսմոնովն ընթերցեց ինստիտուտի ռեկտոր Մադամին Մադազիմովի շնորհավորանքը, որը, մասնավորապես, փոխանցում էր համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու և գիտական ոլորտում փոխգործակցելու պատրաստակամությունը։
«Երևանի պետական բժշկական համալսարանն իրավամբ համարվում է Հայաստանի առաջատար բուհերից մեկը։ Վստահ եմ, որ բժշկական մասնագետների համախմբումը մեկ ընդհանուր հարթակում կբերի ցանկալի արդյունքների»,- ասված էր ուղերձում։
2014-ից 2024 թվական ժամանակահատվածին անդրադարձ կատարվեց Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնի դասախոս Մարինա Ղաջոյանի զեկույցում:
«Բժշկության մեջ սիմուլյացիոն ուսուցման առավելություններն են՝ կլինիկական փորձ վիրտուալ տիրույթում պացիենտի համար առանց ռիսկերի, լարվածության մակարդակի իջեցում առաջին ինքնուրույն մանիպուլյացիայի ժամանակ: Օրինակ, երբ ուսանողն առաջին անգամ երակային կատետր է դնում մանեկենի վրա, լարավածության մակարդակը գրեթե հավասարվում է զրոյի»,-մեջբերեց նա:
Ցուցադրվեց 1800 ք/մ տարածք, 18 լսարան, 200 սիմուլյատոր ընդգրկող կենտրոնի առօրյայի, գործունեության մասին պատմող տեսանյութ:
Այսպիսով պետք է փաստենք, որ սիմուլյացիոն կենտրոնը զարգացել է՝ փոխելով տեղակայում, ընդլայնելով պայմանները, վերածվելով ինչպես կրթական, այնպես էլ գիտական տիրույթում կարևոր հարթակի:
Սիմուլյացիոն ուսուցումը հնարավորություն է տալիս ոչ միայն ուսանողներին, այլև գործող բժիշկներին փորձել իրենց հմտությունները իրական իրավիճակներում: Այստեղ ապահովվում են առավելագույն մոտեցում իրական աշխատանքային պայմաններին, որտեղ ուսանողները չեն վախենում սխալներ գործելուց, այլ, հակառակը, սովորում են դրանցից ու կարողանում շտկել դրանք:
Դեկտեմբերի 18-ին և 19-ին անցկացվող գիտագործնական այս միջոցառմանն անդրադարձ է կատարվելու արդի թեմաների, որոնք վերաբերում են մանկաբուժությանը, կրիտիկական իրավիճակներին անեսթեզիոլոգիայում և ռեանիմացիայում, մանկաբարձությանը և գինեկոլոգիային, ընդլայնված սիրտ-թոքային վերակենդանացմանը, դժվար շնչուղիների մենեջմենթին, հաղորդակցման հմտություններին, այլ գիտապրակտիկ հարցերի: