Հայկանուշ Խաչատուրյանն ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան 2018 թվականին՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, գերազանցությամբ ավարտել այն 2024 թվականին։ Նույն թվականին զուգահեռ ընդունվել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով կլինիկական օրդինատուրա և Հանրային առողջության ֆակուլտետ՝ մագիստրատուրա։ Հանրային առողջության մագիստրատուրան ավարտել է 2026 թվականի հունվարին՝ նույնպես գերազանցությամբ։ «Համալսարանական տարիները ինձ համար ամենագեղեցիկն ու հիշարժանն են։ Այս տարիներին ոչ միայն ձեռք եմ բերել մասնագիտական գիտելիք, այլև ձևավորվել եմ որպես մարդ։ Այստեղ եմ հանդիպել ամուսնուս, գտել լավագույն ընկերներիս և ունեցել հնարավորություն սովորելու համալսարանի լավագույն դասախոսների մոտ։ Սակայն ամենատպավորիչ և շրջադարձային փորձառությունը ինձ համար առաջին անգամ երեխայի ծննդյան ականատես լինելն էր։ Այդ պահի հուզական ուժն ու պատասխանատվության գիտակցումը դարձան այն առանցքային գործոնը, որը վերջնականապես ձևավորեց իմ մասնագիտական ընտրությունը»,- նշում է ԵՊԲՀ շրջանավարտը։ Հայկանուշ Խաչատուրյանը բացահայտում է նաև, թե ինչու է ընտրել հանրային առողջությունը (Public Health)։
«Սկզբում ընտրել էի կլինիկական ուղղվածություն՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա, սակայն հանրային առողջության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվեց ուսանողական տարիներին։ Այդ ընթացքում հասկացա, որ լիարժեք բժիշկ և մրցունակ մասնագետ լինելու համար բավարար չէ միայն կլինիկական գիտելիքին տիրապետելը․ հանրային առողջության մտածողությունն ու խնդիրների խորքային ըմբռնումը նույնքան կարևոր են։ Հանրային առողջության ոլորտում առավելապես հետաքրքրված եմ մոր և մանկան առողջությամբ։ Այս ուղղությունը ոչ միայն մասնագիտական հետաքրքրություն է ինձ համար, այլ նաև գիտահետազոտական գործունեության հիմք, և հենց այս թեմային եմ նվիրել իմ մագիստրոսական թեզը»,- ընդգծում է Հայկանուշը։
Նրա կարծիքով, հանրային առողջությունը առանցքային դեր ունի հասարակության առողջության պահպանման և բարելավման գործում։
«Միայն այս ոլորտը խորությամբ ուսումնասիրելուց հետո լիարժեք գիտակցեցի, թե որքան կարևոր և երբեմն անտեսանելի գործընթացներ են ապահովում առողջության համակարգի արդյունավետ աշխատանքը՝ սկսած կանխարգելումից մինչև առողջ ապրելակերպի խթանում»,- շեշտում է Հայկանուշը և կարևոր է համարում նաև ուսանողական տարիների ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ հետազոտական, վերլուծական, թիմային և հաղորդակցման ոլորտներում։
«Այս հմտությունները այսօր ակտիվորեն կիրառում եմ իմ կլինիկական պրակտիկայում՝ ապահովելով ավելի համակարգված և ամբողջական մոտեցում։ Ուսանողական տարիները համընկան իմ բալիկի ծննդի հետ, և հաճախ կանգնում էի ընտրության առաջ՝ շարունակե՞լ ուսումը, թե՞ ոչ։ Այս փուլում մեծ դեր ունեցավ իմ մագիստրոսական թեզի ղեկավարի՝ ֆակուլտետի դեկանի աջակցությունն ու քաջալերումը, որի շնորհիվ կարողացա հաղթահարել դժվարությունները և հաջողությամբ ավարտել ուսումը»,- ասում է Խաչատուրյանը։
Ներկայումս նա շարունակում է ուսումը կլինիկական օրդինատուրայում՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի ուղղությամբ (երկրորդ կուրս)։ Միևնույն ժամանակ պատրաստվում է Հանրային առողջության ասպիրանտուրայի ընդունելության քննություններին՝ նպատակ ունենալով խորացնել ու ընդլայնել մասնագիտական հնարավորությունները։
ԵՊԲՀ ուսանողն ապագայում նպատակ ունի կատարելագործվել որպես հանրային առողջության մասնագետ և ակտիվորեն ներգրավվել մայրական և մանկական առողջության ծրագրերում։
«Ցանկանում եմ իրականացնել ապացուցողական հիմքով ծրագրեր և ներդրում ունենալ առողջապահական համակարգի զարգացման մեջ։ Նշեմ նաև, որ դժվարությունները հաղթահարում եմ հստակ նպատակներ սահմանելով և դրանց ուղղությամբ հետևողական քայլերով առաջ շարժվելով։ Ինձ օգնում է նաև այն գիտակցումը, որ իմ աշխատանքի վերջնական նպատակը առողջ ու երջանիկ մայրերն ու երեխաներն են, ինչը լրացուցիչ ուժ և մոտիվացիա է տալիս ցանկացած խոչընդոտ հաղթահարելու համար»,- ընդգծում է Հայկանուշը։
Նա կարծում է, որ ոլորտում հաջողության բանաձևը պարզ է, բայց երբեմն՝ դժվար իրագործելի։ «Այս ոլորտում կարևոր են վերլուծական մտածողությունը, տվյալների հետ աշխատելու կարողությունը, արդյունավետ հաղորդակցումը և թիմային աշխատանքը։ Պետք է կարողանալ արագ կողմնորոշվել, որոշումներ ընդունել և պատասխանատվություն կրել դրանց համար։ Նույնքան կարևոր է ժամանակի կառավարումը և շարունակաբար սովորելու պատրաստակամությունը։ Այս հմտությունները ապահովում են կայուն և արդյունավետ աշխատանք»,- շեշտում է հերացիականը։