Այսօր Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էր նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և նույն ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը՝ նշելով, որ հիշարժան օր է բոլորի համար:
Ռեկտորը նաև շեշտեց, որ միջոցառմանը մասնակցում են ԵՊԲՀ «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախմբի հնդիկ ուսանողները, որոնք գրեթե հայացել են:
Ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ կարևորելով միջոցառման կազմակերպումը:«Թումանյանն իր կյանքի անցած ճանապարհով հետք, ժառանգություն է թողել սերունդներին, սոցիալական տարբեր խմբերին, որոնցով ոչ միայն ապրում ենք, օրինակ վերցնում, այլև հպարտանում ենք»,-նշեց նա:
ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, դոցենտ Հենրիետա Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ մթնոլորտի համար: «Ամեն մարդ ի վերուստ մի առաքելություն ունի երկրային կյանքում, մեկը պետք է բժշկի, մեկը՝ նկարի, մյուսը՝ երգի, մի ուրիշը՝ գրի, ոմանք պետք է քննադատեն, այնուամենայնիվ ինչ գործով էլ զբաղվի մարդը պետք է փորձի առավել հետաքրքիր դարձնել իր կյանքը: Հյուսիսային համալսարանը մշտապես հավուր պատշաճի կազմակերպում է միջոցառումներ, հրամցնում հանրությանը և ներկա սերնդին հասու դարձնում թումանյանական ավանդները: Հայ մարդը, որտեղ էլ որ լինի, որտեղ էլ ուսանի, պետք է պահի իր հայեցի նկարագիրը, գնահատի և ճանաչի իր հայրենիքի մշակութային արժեքները, չէ որ Թումանյանի «Վերնատուն»-ը պատմական մեծ նշանակություն է ունեցել մեր մշակույթի զարգացման համար»,-ասաց նա:
Հենրիետա Սուքիասյանը նշեց, որ ԵՊԲՀ «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի նպատակը սփյուռքահայ, օտարերկրացի, հնդիկ, պարսիկ, արաբ, հորդանանցի ուսանողներին հայ մշակույթին ծանոթացնելն է , իսկ տեղացի ուսանողների շրջանում ազգային հոգեկերտվածք ու արժեհամակարգ արմատավորելը:
Սուքիասյանի ելույթից հետո Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նրան հանձնեց Թումանյանի 150-ամյակին նվիրված հուշամեդալ:
Այնուհետև ելույթով հանդես եկավ «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը: