Գիտական խորհրդի հունվարի 25-ի նիստի գլխավոր հարցը մրցութային ընթացակարգով ԵՊԲՀ ամբիոնի վարիչների, պետերի և պրոֆեսորների ընտրությունն էր: Թեկնածուները ներկայացրին ամբիոնների պատմությունը, կատարված աշխատանքները, ձեռքբերումները, գիտական հետազոտությունները, զարգացման տեսլականը և առաջիկա ծրագրերը։
Զեկուցողները պատասխանեցին Գիտական խորհրդի անդամների և նիստի մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ինչպես ուսումնական գործընթացին, այնպես էլ հետբուհական կրթությանը, կլինիկական աշխատանքներին։
Փակ քվեարկության արդյունքներով` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը վերընտրվեց Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչի, Կամո Շաբոյանը` ՌԲՖ ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետի, Նաիրա Չիչոյանը` Ֆարմակոգնոզիայի ամբիոնի, Նարինե Միրզոյանը` Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը` Ռազմադաշտային թերապիայի ամբիոն պետի պաշտոններում:
Պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանին Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչի պաշտոնում կփոխարինի դոցենտ Կոնստանդին Մանուկյանը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Գիտական խորհրդի անդամների և իր անունից հատուկ շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Շեկոյանին բուհական այս ստորաբաժանման երկարամյա ղեկավարման, նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար։
Օրինակ բերելով այս ամբիոնը` Արմեն Մուրադյանը կարևորեց տեսական մասնագիտությունները երիտասարդ կադրերի համար գրավիչ դարձնելու հարցը։ Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսորներ Արեն Բաբլումյանը և Արթուր Գրաբսկին վերընտրվեցին իրենց պաշտոններում:
Քննարկվեցին ուսումնական ընթացիկ այլ հարցեր: